Արթուր Էվանս
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Արթուր Ջոն Էվանս (անգլ.՝ Arthur John Evans, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3][…], Nash Mills, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 11, 1941(1941-07-11)[1][2][3][…], Wootton, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի պատմաբան և հնագետ։ 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչ փյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար[9]։
Արքայական միության և Արքայական ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտոր (1901)։ 1874-1908 թվականներին գլխավորում էր Արքայական դրամագիտական միությունը[10], 1902 թվականին միութան կողմից արժանացել է մեդալի[11]։ 1911 թվականին իր ունեցած ներդրման համար արժանացել է ասպետի կոչման։ 1936 թվականին ստացել է Քոփլիի մեդալ՝ «Կրետե կղզում կատարած առաջին աշխատանքների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել մինոսյան քաղաքակրթության պատմության ուսումնասիրության մեջ»[12]։ Շվեդական ակադեմիայի կողմից ստացել է նաև ոսկե մեդալ[13]։
Արթուր Էվանսը սերում էր սիրողական հնագետի ընտանիքից, կրթություն է ստացել Հերոու դպրոցում և Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ժամանակակից պատմության մեջ։ Չկարողանալով կրթաթոշակ ստանալ հնագիտություն ուսումնասիրելու համար՝ 1875-1882 թվականներին որպես լրագրող է աշխատում Բոսնիայում և Խորվաթիայում։ Ավստրիական իշխանությունների կողմից արտաքսվելուց հետո հաստատվել է Օքսֆորդում։ 1883-1908 թվականներին Օքսֆորդի Աշմոլյան թանգարանում եղել է գիտնական-հսկիչ։ Նաև Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հետաքրքրվելով Կրետեի հնություններով՝ 1899 թվականին ձեռք բերեց Կնոսոսի բլուրը և 1900-1930 թվականներին պեղումներ կատարեց։ 1908 թվականից ստանալով մեծ ժառանգություն՝ սեփական միջոցներով իրականացրեց Կնոսոսի պալատի վերականգնողական աշխատանքները, որը 1936 թվականին փոխանցեց Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցին։ Կատարելով հնագիտական բազմաթիվ հայտնաբերումներ՝ Ա․ Էվանսը ժխտում էր հույների մասնակցությունը մինոսյան քաղաքակրթության ստեղծմանը և ձգտում էր հնացնել կրետեական գտածոները, որպեսզի այն չկապի միկենյան մշակույթի հետ։ Նա մենաշնորհեց նաև հնագույն էգեյան գրի վերծանման բնագավառում կատարվող ուսումնասիրությունները, սակայն հաջողություն չունեցավ։ Չնայած սխալներին՝ Էվանսի հիմնական հայտնաբերումները և տեսական ձեռքբերումները (մասնավորապես՝ Հին Կրետեի պատմության ժամանակագրությունը) հետագայում չվերանայվեցին։