Ազատ առևտուր
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը[1][2][3][4]՝ հակառակ ազատ առևտրի։
Շատ երկրներ ներկայումս անդամ են հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմ առևտրային համաձայնագրերի։ Ազատ առևտուրը լավագույն ձևով կարող է բացարտվել, որպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի միակողմանի կեցվածքը, որը ներմուծման և արտահանման վերաբերյալ կանոնակարգերն ու տուրքերը իջեցրել է XIX դարի կեսերից մինչև 1920-ականները[5]։ ՄԵկ այլ մոտեցում է, ստեղծել ազատ առևտրի տարածքներ երկրների խմբերի միջև՝ համաձայնագրերի հիման վրա, ինչպիսիք են՝ Եվրոպական տնտեսական տարածքը և Mercosur-ի բաց շուկաները, որոնք ստեղծում են պաշտպանիչ պատնեշ այդ ազատ առևտրի տարածքի և աշխարհի մնացած մասերի միջև։ Շատ կառավարություններ դեռ պարտադրում են պաշտպանողական որոշ քաղաքականություններ, որոնք միտված են աջակցել տեղական զբաղվածությանը, ինչպիսիք են՝ ներմուծման համար սակագներ սահմանելը կամ արտահանման համար՝ սուբսիդիաները։ Կառավարությունները կարող են նաև սահմանափակել ազատ առևտուրը՝ սահմանափակելով բնական ռեսուրսների արտահանումը։ Այլ արգելքները, որոնք կարող են խոչընդոտել առևտրին, ներառում են ներմուծման քվոտաները, հարկերը և ոչ սակագնային արգելքները, ինչպիսիք են կարգավորող օրենսդրությունը։
Պատմականորեն, ազատ առևտրի նկատմամբ բաց լինելը էականորեն աճել է 1815 թվականից մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը։ Առևտրի բաց լինելը, նորից աճեց 1920-ականների ընթացքում, բայց փլուզվեց (մասնավորապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում) Մեծ Ճգնաժամի ընթացքում։ Առևտրի բաց լինելը նորից էապես աճեց 1950-ական թվականներից սկսած (չնայած դանդաղեց 1970-ականների նավթային ճգնաժամի ժամանակ)։ Տնտեսագետները և տնտեսագիտական պատմիչները պնդում են, որ առևտրի բաց լինելու ներկայիս մակարդակները բարձր է, քան երբևէ եղել է[6][7][8]։
Տնտեսագետների շրջանում կա լայն համաձայնություն, որ պաշտպանողականությունը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական աճի և տնտեսական բարեկեցության վրա, մինչդեռ ազատ առևտուրը և առևտրի խոչընդոտների իջեցումը դրականորեն են ազդում տնտեսական աճի[9][10][11][12][13][14] և տնտեսական կայունության վրա[15]։ Այնուամենայնիվ, առևտրի ազատականացումը կարող է առաջացնել զգալի և անհավասար բաշխված կորուստներ, և ներմուծման մրցակցող ոլորտներում աշխատողների տնտեսական տեղաբաշխում[11]։