Ազատականություն
քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք / From Wikipedia, the free encyclopedia
Ազատականություն, լիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ[1]։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը[2][3][4][5][6]։
Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության[7] բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։
Պանծալի հեղափոխության, Ամերիկյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ականավոր հեղափոխականները ազատականության փիլիսոփայությունը գործածում էին՝ արդարացնելու համար իրենց կողմից բռնակալական համարված իշխանության զինված տապալումը։ Ազատականությունն արագորեն սկսեց տարածվել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի[8] երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության[9][10] տարածման գլխավոր բաղադրիչը։ Ազատական կուսակցություններն այսօր մնում են աշխարհի շատ երկրներում իշխանության ու ազդեցության տարբեր աստիճաններ ունեցող քաղաքական ուժ։