Աբրահամ Լինքոլն
From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Լինքոլն[Ն 1] (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809(1809-02-12)[4][5][6][…], Sinking Spring Farm, Հարդին շրջան, Կենտուկի, ԱՄՆ[7][8] - ապրիլի 15, 1865(1865-04-15)[4][9][10][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[11]), ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան, ԱՄՆ 16-րդ նախագահ 1861 թվականի մարտից մինչև իր սպանությունը՝ 1865 թվականի ապրիլի 15-ին։ ԱՄՆ առաջին նախագահն էր Հանրապետական կուսակցությունից։ Նախագահել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ[12][13]։ Այդ ընթացքում նա կարողացել է պահպանել ամերիկյան նահանգների միությունը, վերացնել ստրկությունը, ամրապնդել ԱՄՆ դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինքոլն (այլ կիրառումներ)
Աբրահամ Լինքոլն | |
անգլ.՝ Abraham Lincoln | |
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | մարտի 4, 1861 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | ապրիլի 15, 1865 |
Փոխնախագահ՝ | Հաննիբալ Համլին (1861-1865) Էնդրյու Ջոնսոն (1865) |
Կուսակցություն՝ | Հանրապետական |
Նախորդող՝ | Ջէյմս Բյուկենեն |
Հաջորդող՝ | Էնդրյու Ջոնսոն |
Ծննդյան օր՝ | 1809 փետրվարի 12 |
Ծննդավայր՝ | Հարդին Քաունթի, Քենթուկկի, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | ապրիլի 15, 1865(1865-04-15) (տարիքը 56) |
Վախճանի վայրը՝ | Վաշինգտոն ԱՄՆ |
Ամուսին ՝ | Մարի Թոդ Լինքոլն[1] |
Երեխաներ՝ | Էդվարդ Բեյքեր Լինքոլն[1][2], Թեդ Լինքոլն[3][1][2], Ռոբերտ Թոդ Լինքոլն[1][2] և Ուիլյամ Ուոլաս Լինքոլն[1][2] |
Դինաստիա՝ | Լինքոլնս |
Հայր՝ | Թոմաս Լինքոլն |
Մայր՝ | Նենսի Լինքոլն |
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի Հոջենվիլ քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին։ Մեծ մասամբ ինքնուս Լինքոլնն Իլինոյս նահանգում դարձել է փաստաբան և Վիգերի կուսակցության առաջնորդներից մեկը, ընտրվել Իլինոյս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1846 թվականին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլինոյսից։ 1849 թվականին վերադարձել է Իլինոյս և վերսկսել փաստաբանական գործունեությունը։ 1854 թվականին վերադարձել է քաղաքականություն, դարձել նորաստեղծ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը։ 1858 թվականին առաջադրվել է ԱՄՆ Սենատի ընտրություններում և հասել լայն հայտնիության իր մրցակից դեմոկրատ Սթիվեն Ա. Դուգլասի հետ մի շարք բանավեճերին մասնակցելու արդյունքում։ Հանդես էր գալիս ստրկության ընդլայնման դեմ։ 1860 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հյուսիսային նահանգների աջակցությամբ ընտրվել է ԱՄՆ նախագահ, որը Ամերիկայի քաղաքացիական պատերազմի սկիզբ դրեց։ Լինքոլնի հաղթանակը դիտարկելով իբրև սպառնալիք ստրկատիրությանը՝ հարավային ստրկատիրական յոթ նահանգներ անջատվել են Միացյալ Նահանգներից և հռչակել Ամերիկայի Համադաշնային Նահանգները՝ նախքան Լինքոլնի պաշտոնակալությունը (ևս չորս նահանգ անջատվել է պատերազմի բռնկումից հետո)։ Հյուսիսի և Հարավի միջև տարաձայնությունները հարթելու Լինքոլնի փորձերը ձախողվեցին։ Լինքոլնի պաշտոն ստանձնելուց մեկ ամիս անց Համադաշնությունը գրավել է Ֆորթ Սամթերը, ինչից հետո Լինքոլնը ուժեր է մոբիլիզացրել անջատողական նահանգների ապստամբությունը ճնշելու համար։
Լինքոլնը Հանրապետական կուսակցության չափավոր խմբակցության առաջնորդն էր։ Նրա դաշնակիցները՝ ռադիկալ խմբակցության հանրապետականները և պատերազմին կողմ դեմոկրատները, պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի դեմ։ Լինքոլնին հակառակվում էին հակապատերազմական դեմոկրատները, իսկ անհաշտ անջատողականները պլանավորում էին նրա սպանությունը։ Պատերազմի ընթացքում Լինքոլնին հաջողվել է ներքին միասնականություն պահպանել տարբեր խմբակցությունները միմյանց դեմ հանելով, պաշտոններ բաժանելով և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ[14]։ Նրա Գեթիսբուրգյան ուղերձը ազգային, հանրապետական, հավասար իրավունքների, ազատական և ժողովրդավարական գաղափարների նշանակալի հաստատումն էր։ Նա կասեցրել է «Հաբեաս կորպուսը» Մարիլանդ նահանգում, իսկ «Թրենթ» նավի հետ կապված միջադեպի ժամանակ խուսափել է բրիտանական հնարավոր միջամտությունը։ Լինքոլնը անձամբ էր վերահսկում պատերազմական գործողությունները և առանձին ուշադրություն էր դարձնում գեներալների նշանակումներին։ 1863 թվականին հրապարակել Ազատագրության (էմանսիպացիա) մասին հռչակագիրը, որն ազատել է ապստամբող նահանգներում գտնվող ստրուկներին և զինված ուժերը հանձնարարել ազատված ստրուկներին պաշտպանել և ծառայության ընդունել։ Հորդորում էր ԱՄՆ-ից չանջատված ստրկատիրական նահանգները վերացնել ստրկությունը։ Աջակցել է ԱՄՆ Սահմադրության 13-րդ ուղղման ընդունմանը, որը մշտապես արգելեց տրկատիրությունը ԱՄՆ-ում։
1864 թվականին վերընտրվել է ԱՄՆ նախագահ։ Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը ձգտել է բաժանված երկրի հաշտեցմանը։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ անջատողական նահանգների կապիտուլյացիայից և պատերազմի ավարտից հինգ օր անց, Լինքոլնը մահացու վիրավորում է ստացել Համադշնության համակիր Ջոն Ուիլքս Բութի արձակած գնդակից և մահացել հաջորդ օրը։
Լինքոլնը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հերոսներից մեկը։ Ինչպես գիտնականների[15], այնպես էլ հանրության կողմից[16] Լինքոլնը հաճախ դասվում է ԱՄՆ մեծագույն և ամենասիրելի նախագահների շարքին։