Խալիֆա
From Wikipedia, the free encyclopedia
Խալիֆ (արաբերեն՝ خليفة, կարդ. խալիֆա, բառացի՝ փոխանորդ, տեղապահ), մուսուլմանների մոտ խալիֆաթի (պետության) ղեկավարն է, բացարձակ միապետ, իսլամական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ։ Համարվել է Մուհամմադ մարգարեի հաջորդը, իսկ Օմայաններից սկսած՝ աստծու տեղապահը։ Ընտրվել է մուսուլմանական համայնքի ավագանու ժողովում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալիֆ (այլ կիրառումներ)
Օմայանների (661 - 750) և Աբբասյանների (750 - 1258) օրոք խալիֆը ղեկավարի ժառանգական տիտղոս էր, որ միավորում էր իր մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները։ Խարիջիների մոտ խալիֆն ընտրվող ղեկավարի տիտղոս է, որը սահմանափակված է համայնքով։ IX դարի 2-րդ կեսից, երբ հզորացել են վեզիրներն ու արքունի մյուս պաշտոնյաները, խալիֆի հեղինակությունն ընկել է։ X դարում խալիֆ են անվանվել նաև Իսպանիայի Օմայանները և Եգիպտոսի Ֆաթիմյանները։ Եգիպտական սուլթանությունում խալիֆները եղել են բացառիկ հոգևոր առաջնորդներ, որոնք թողնում էին աշխարհիկ ղեկավարությունը սուլթաններին։ 1258 թվականին մոնղոլական զորապետ Հուլպվուն գրավել է Բաղդադը, սպանել խալիֆին։ Աբբասյան տան մնացորդներն ապաստանել են Կահիրեում և մամլուք սուլթաններից ձևականորեն ճանաչվել խալիֆ։ 1517 թվականին թուրք սուլթան Սելիմ I-ը գրավել է Եգիպտոսը և յուրացրել խալիֆ տիտղոսը, նստավայրը տեղափոխել Կ. Պոլիս։ 1924-ից խալիֆի տիտղոսը ոչ մի մարդ չի կրում։