Արաբական մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Արաբական մշակույթը ընդգրկում է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների (Մարոկկոյից մինչև Պարսից ծոց) մշակույթը։ Այդ երկրների լեզուն, գրականությունը, խոհանոցը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը և այլ ուղղություներ համաարաբական աշխարհի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում։
Միջնադարյան մշակույթը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII-X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր ու Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «արաբական մշակույթ» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «իսլամական մշակույթ» հասկացության հետ։ Արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել իսլամի երևան գալու (VI դարի առաջին կես) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում արաբական մշակույթի ձևավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական և այլն) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք արաբական մշակույթին տվել են իսլամը (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբերեն լեզուն, բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII-VIII դարերի կեսերին արաբական մշակույթի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762 թվականին հիմնադրված Բաղդադ քաղաքը։
Արաբական մշակույթը ծաղկման գագաթնակետին հասավ IX-X դարերում։ Նրա նվաճումները աշխարհագրական գիտելիքների, պատմագրության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, բժշկության և այլ բնագավառներում հարստացրին Արևելքի և Եվրոպայի շատ ժողովուրդների մշակույթը։ VIII-X դարերի արաբական մշակույթի նշանակությունը համաշխարհային մշակույթի պատմության մեջ որոշվում էր նրա ստեղծողների կողմից՝ աշխարհի և մարդու գիտական, կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստական ճանաչման նոր միջոցների հայտնագործումով։ Խալիֆայության կազմալուծմամբ (X դարի կես) նրա լավագույն ավանդույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին Եգիպտոսում և Ասորիքում։ Ֆաթիմյանների (X-XII դարեը) և Այուբյանների (XII-XIII դարեր) ժամանակ Բաղդադը իր առաջնությունը զիջեց Կահիրեին։ X-XV դարերում ծաղկեց նաև արաբա–իսպանական մշակույթը Իսպանիայում (Կորդովա, Սևիլյա, Գրենադա)։ XVI դարում արաբական երկրները վերածվեցին Օսմանյան կայսրության նահանգների և արաբական մշակույթն անկում ապրեց մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող նվաճողների՝ թուրքերի իշխանության ներքո։ Նրա զարգացման նոր շրջանն սկսվում է XIX դարի առաջին կեսից։ Ազգային–ազատագրական շարժման սկզբնավորման, արաբական ինքնուրույն պետությունների առաջացման պայմաններում ժամանակակից արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունենում արաբական յուրաքանչյուր երկրի շրջանակներում։