Օսմանյան Ստամբուլի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան Ստամբուլի պատմություն, պատմության այն ժամանակահատվածը, որը ներառում է թուրքերի կողմից 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի գրավումից մինչև 1922 թվականի Օսմանյան կայսրության վերացումը և Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարա տեղափոխումը։
Գրեթե հինգ դար Ստամբուլը 14-16-րդ դարերում թուրքական սուլթանների նվաճողական արշավների արդյունքում կազմավորված Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր։ Օսմանյան կայսրության սահմաններն ընդգրկում էին տիրություններ երեք աշխարհամասերում՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Այսպիսով, Բոսֆորի ափերին գտնվող հնագույն քաղաքը նորից դարձավ համաշխարհային նշանակության քաղաքական և տնտեսական կենտրոն։ Աստիճանաբար Ստամբուլը վերադարձրեց նաև միջազգային առևտրի խոշորագույն կենտրոնի երբեմնի համբավը։ Եվ չնայած կարևորագույն առևտրական կենտրոնները տեղափոխվում էին Միջերկրածովյան տարածքներից դեպի Ատլանտյան տարածքներ, սևծովյան նեղուցները շարունակում էին մնալ ուշ միջնադարի աշխույժ առևտրի ուղիներ։
Բացի այդ, որպես խալիֆի նստավայր, Ստամբուլը ստացավ մուսուլմանական աշխարհի կարևոր կրոնական կենտրոնի նշանակություն, յուրացնելով և վերամշակելով շատ բան սելջուկների, բյուզանդացիների, արաբների և պարսիկների մշակույթներից (Կոստանդնուպոլսից Ստամբուլը ժառանգել էր նաև ողջ աշխարհի ուղղափառ պատրիարքներից առաջինի՝ Տիեզերական պատրիարքության նստավայրը)։ Քաղաքն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրության փոքրացված մոդելը՝ բնակչության էթնիկ և կրոնական բազմատարրությամբ։ Օսմանյան մայրաքաղաքն ամենածաղկուն ժամանակաշրջանն ապրեց Սուլեյման սուլթանի իշխանության տարիներին։ Հենց «Սուլեյմանի դար»-ից են գալիս եվրոպացի ճանապարհորդների և դիվանագետների խանդավառ նկարագրությունները Ստամբուլի մասին։ Մեհմեդ III-ի իշխանության գալով սկսվեց Օսմանյան կայսրության աստիճանաբար անկումը, ինչն իսկույն չանդրադարձավ ծաղկում ապրող Ստամբուլի վիճակի վրա։ Բայց արդեն Ահմեդ I-ից հետո քաղաքում գրեթե չէին կառուցվում մեծ մզկիթներ, որոշ հուշարձանային շինությունների կառուցումը ձգվում էին տասնյակ տարիներ, փոխարենը հաճախ էին տեղի ունենում բունտեր ու խռովություններ ինչպես ենիչերիների, այնպես էլ քաղաքի բնակչության ստորին դասերի կողմից։ Տնտեսական դրության վատթարացումը պատճառ դարձավ գիտության և մշակույթի լճացման, ինչպես նաև արևմտաեվրոպական տերությունների ազդեցությունների էլ ավելի մեծացմանը՝ կայսրության և մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտներում։