Օպտիկական թելք
լուսատար թելք / From Wikipedia, the free encyclopedia
Օպտիկական թելք[1], օպտիկական մանրաթել — օպտիկականորեն թափանցիկ նյութից (ապակուց, պլաստմասսից) պատրաստված թել, որն օգտագործվում է լույսն իր ներսում լրիվ ներքին անդրադարձման միջոցով տեղափոխելու համար, շատ ավելի բարակ է, քան մարդու մազը[2]։
Օպտիկական թելքը դիէլեկտրիկ ուղղորդող միջոց է, որը նախատեսված է էլեկտրամագնիսական ալիքներն օպտիկական և ինֆրակարմիր տիրույթներում ուղղորդելու համար։ Օպտիկական թելքն ունի կոաքսիալ կառուցվածք և բաղկացած է միջուկից, երեսպատումից և առաջնային ակրիլատային ծածկույթից և բնութագրվում է բեկման ցուցիչի պրոֆիլով։
Թելքային օպտիկան[3][4][5] կիրառական գիտության և մեքենաշինության բաժին է, որը նկարագրում է նման թելքերը։ Օպտիկական թելքերի վրա հիմնված մալուխները (թելքաօպտիկական մալուխ) օգտագործվում են թելքաօպտիկական հաղորդակցության մեջ, ինչը թույլ է տալիս տեղեկություններ փոխանցել ավելի մեծ հեռավորությունների վրա և տվյալների փոխանցման ավելի բարձր արագությամբ, քան էլեկտրոնային կապի միջոցներով։ Որոշ դեպքերում դրանք օգտագործվում են նաև տվիչներ ստեղծելու համար։
Օպտիկական թելքերն օգտագործվում են մետաղական լարերի փոխարեն, քանի որ ազդանշանները տեղափոխելով մեծ հեռավորությունների վրա, ունենում են փոքր կորուստներ։ Բացի այդ, թելքերը նաև անտարբեր են էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ, ինչը մետաղական լարերի համար խոչընդոտ է[6][7]։ Օպտիկական թելքերը նաև օգտագործվում են լուսավորման համար, և միավորված են փնջերում, այնպես որ նրանք կարող են օգտագործվել պատկեր տեղափոխելու համար։ Դա թույլ է տալիս դիտել փակ տարածքները, ինչպես թելքաօպտիկական դիտակի դեպքում[8]։ Հատուկ մշակված թելքերն ունեն բազում այլ կիրառություններ, ինչպիսիք են թելքաօպտիկական տվիչները և լազերները[9][10]։