Քաղաքակրթություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականության աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների[1]։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով։ Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով[2][3][4][5][6][7][8][9]։
Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման գաղափարախոսությունները, մոնումենտալ ճարտարապետությունը, հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։