Ցեխ
From Wikipedia, the free encyclopedia
Ցեխը ջրի և ցանկացած հողակազմ տարբեր տեսակների (ավազակավային, տիղմային, կավային ևն) ջրիկ կամ մածուցիկ խառնուրդն է։ Այն առաջանում է մանրամասնիկ պինդ նյութերի և հեղուկի միախառնումից, ինչը միշտ չէ, որ տեղի է ունենում նստվածքային գործընթացների հետևանքով։ Սովորաբար այն ձևավորվում է ջրամբարների մերձակայքում կամ մթնոլորտային տեղումներից հետո։ Ցեխի հնագույն կուտակումները ժամանակի ընթացքում պնդանալով ձևավորում են նստվածքային ապարներ` կավային հերձաքար, ցեխաքար ևն։ Գետախորշերում հավաքվող ցեխի կուտակումները ժամանակի ընթացքում վերածվում են ծովեզրյա ցեխի կուտակումների։ Ստորջրյա ցեխը կլանում է թթվածինը[1]։ Դա կարող է հանգեցնել ջրի անօքսիայի, որը, սակայն, կարող է օդավորվել կենդանի օրգանիզմների շնորհիվ։ Ցեխերի որոշ տեսակներ օգտագործվում են ցեխաբուժության մեջ։
Հայերեն «ցեխ» բառը ծագում է շումերերեն 𒋞 (ճահիճ) բառից[2]։ Հայերենում «ցեխոտ» բառն օգտագործվում է նաև որպես «կեղտոտ» բառի հոմանիշ[3]։