Տիտան (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Տիտան (հին հունարեն՝ Τιτάν), Սատուրնի արբանյակն է, հայտնաբերել է Քրիստիան Հույգենսը 1655 թվականին։ Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է։ Երկրագնդից բացի Արեգակնային համակարգի միակ մարմինն է, որի մակերևույթի վրա հաստատված է հեղուկի գոյությունը[7]։ Սատուրնի խիտ մթնոլորտ ունեցող միակ արբանյակն է։ Տիտանի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել նրա վրա կյանքի պարզագույն տեսակների առկայությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտան (այլ կիրառումներ)
Տիտան (Titan) Τιτάν | |
---|---|
Տիտանը տեսանելի գույներով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 մարտ 1655 թ. (Քրիստիան Հյուգենսի կողմից) |
Հեռավորությունը Սատուրնից | 1 221 870 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 1 221 870 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,0288[1] |
Սիդերիկ պարբերություն | 15,945 օր[1] |
Թեքվածություն | 0,34854°[1] (Սատուրնի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 28,758[1] |
Պերիկենտրոնի արգումենտ | 179,920[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 2576 կմ[2] |
Մակերևույթի մակերես | 83 մլն. կմ²[2] |
Զանգված | 1,3452 × 1023 կգ[2] |
Միջին խտություն | 1,8798 գ/սմ³[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 1,352 մ/վ²[2] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0° |
Ալբեդո | 0,22[3] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 98,4% Ազոտ 1,6 % Մեթան Ճնշումը — 146,7 կՊա[4][5] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 93,7 Կ (−179,5 °C)[6] |
Տիտանը 1655 թվականին դարձավ Սատուրնի առաջին հայտնաբերված արբանյակը, այն հայտնաբերեց հոլանդացի աստղագետ Քրիստիան Հույգենսը[8]։
Տիտանի տրամագիծը կազմում է 5152 կմ, դա Լուսնի տրամագծից 50 %-ով ավել է, ընդ որում Տիտանի զանգվածը 80 %-ով ավել է Երկրի արբանյակի զանգվածից։ Տիտանը չափերով մեծ է նաև Մերկուրի մոլորակից, չնայած զիջում է նրան զանգվածով։ Ծանրության ուժը նրա վրա կազմում է Երկրի ծանրության ուժի մոտավորապես մեկ յոթերորդ մասը։ Տիտանի զանգվածը կազմում է Սատուրնի բոլոր արբանյակների գումարային զանգվածի 95 %-ը։
Տիտանի մակերևույթը հիմնականում բաղկացած է ջրային սառույցից և նստվածքային օրգանական միացություններից։ Երկրաբանորեն երիտասարդ է, հիմնականում հարթ, բացառությամբ քիչ քանակի լեռնային ձևավորումների և հարվածային խառնարանների, ինչպես նաև մի քանի կրիոհրաբուխների։ Տիտանը պարուրող խիտ մթնոլորտը, երկար ժամանակ թույլ չէր տալիս տեսնելու արբանյակի մակերևույթը, ընդհուպ մինչև «Կասինի-Հյուգենս» սարքի ժամանումը 2005 թվականին։
Մթնոլորտը հիմնականում բաղկացած է ազոտից, կա նաև քիչ քանակության մեթան և էթան, որոնք ձևավորում են հեղուկ և, հնարավոր է, նույնիսկ պինդ տեղումներ առաջացնող ամպեր։ Մակերևույթի վրա կան մեթան-էթանային լճեր և գետեր։ Մթնոլորտի ճնշումը մակերևույթի մոտ գերազանցում է Երկրինը մոտավորապես 1.5 անգամ։ Ջերմաստիճանը մակերևույթի մոտ կազմում է - 170 - 180 °C։
Չնայած ցածր ջերմաստիճանին, Տիտանը համեմատվում է զարգացման վաղ ժամանակաշրջանների Երկրի հետ, և չի կարելի բացառել, որ այս արբանյակի վրա հնարավոր է պարզագույն կյանքի տեսակների առկայությունը, մասնավորապես ընդերքային ավազաններում, որտեղ պայմանները շատ ավելի մեղմ են[9][10]։