Տարածքային օժանդակ ծառայություն
From Wikipedia, the free encyclopedia
Տարածքային օժանդակ ծառայություն (անգլ.՝ Auxiliary Territorial Service, ATS), կանանցից բաղկացած ստորաբաժանում բրիտանական բանակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Կազմավորվել է 1938 թվականի սեպտեմբերի 9-ին, սկզբնական շրջանում՝ կամավորական հիմունքներով, և գոյություն է ունեցել մինչև 1949 թվականի փետրվարի 1-ը, երբ միաձուլվել է Թագավորական բանակի կանանց կորպուսին (Women's Royal Army Corps):
Տարածքային օժանդակ ծառայություն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, զինված ուժերի տեսակներ և all-female military unit? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մտնում է | Բրիտանական բանակ |
Ստեղծվեց | սեպտեմբերի 9, 1938 |
Լուծարվեց | փետրվարի 1, 1949 |
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին բրիտանական կառավարությունը որոշում է ընդունել՝ Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում կազմավորված և 1921 թվականին լուծարված կանանց կորպուսի նմանությամբ, ստեղծել կանանցից կազմված մի նոր կորպուս և խորհրդատվական մի մարմին, որի առաջարկությամբ այդ կորպուսում ծառայող կանայք պետք է վարձատրվեին համապատասխան կոչումն ու պաշտոնն ունեցող տղամարդկանց աշխատավարձի երկու երրորդի չափով։
Պատերազմական վեցից ավելի տարիների ընթացքում կանայք ծառայել են ոչ միայն որպես բուժքույրեր, բժիշկներ, կապավորներ, քարտուղարուհիներ, խոհարարներ, մատուցողուհիներ, փոստային աշխատողներ, վարորդներ, զինամթերքի տեսուչներ[1], այլև կատարել են մարտական բազմաբնույթ առաջադրանքներ։ Նրանցից բաղկացած շուրջ 500 անձնակազմեր են պատրաստվել կինետեոդոլիտ կոչվող խցիկային սարքը կիրառելու համար, որով նպաստել են հրետանու կրակի թիրախավորված, ճշգրիտ հարվածներ տեղալուն[2][3][4]։
Թեև կանանցից բաղկացած ստորաբաժանումներն անմիջականորեն մարտերի մեջ չեն ներգրավվել, սակայն հաճախ նրանց ծառայությունը նույնպես անցել է չափազանց վտանգավոր պայմաններում[5]
: Բազմաթիվ կանայք եղել են ռադարային օպերատորներ՝ մաս կազմելով հակաօդային պաշտպանության հրետանու անձնակազմերի և մարտնչելով թշնամական ինքնաթիռների դեմ։ 1943 թվականին հակաօդային պաշտպանության հրետանային անձնակազմերի երեք քառորդը խառը կազմ ունեին՝ բաղկացած էին տղամարդկանցից ու կանանցից[6]։
Այդ նույն տարվա հոկտեմբերին ամբողջովին կանանցից բաղկացած 301 մարտկոցներով կազմավորվել է 93-րդ լուսարձակային գունդը (ընդհանուր առմամբ ընդգրկված է եղել շուրջ 1500 կին)։ Այս կարգի ծառայություններում փոխարինելով տղամարդկանց՝ կանայք նպաստել են, որ ավելի շատ տղամարդիկ համալրեն մարտական ստորաբաժանումները[6][7][8][9]։
Կանայք զգալի դեր են կատարել նաև ազդանշանների թագավորական կորպուսում, որը հետախուզական գործառույթներ էր իրականացնում. 1943 թվականին նրանք կազմում էին այդ կորպուսի ողջ անձնակազմի ավելի քան տասը տոկոսը։ Կանանց թիվը մեծ էր նաև կապավորների շարքերում[10]։
Հաղթանակի օրվա դրությամբ և նախքան զորացրումը տարածքային օժանդակ ծառայությունում ներգրավված էր ավելի քան 190.000 կին։ Նրանց թվում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ բարոնուհի Մերի Չերչիլը, արքայադուստր Եղիսաբեթը՝ ապագա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը բեռնատարի վարորդ էր ու մեխանիկ[11] (ազնվականական ծագում ունեցող և անվանի մարտիկ-կանանց թիվը մի քանի տասնյակի էր հասնում)։