Վիկտորյա Քլիմբիի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա Քլիմբիի սպանությունը տեղի է ունեցել 2000 թվականին Լոնդոնում։ Ութամյա իվուարցի աղջիկ Վիկտորյա Աջո Քլիմբին (1991 թվականի նոյեմբերի 2– 2000 թվականի փետրվարի 25) ենթարկվել է խոշտանգումների և սպանվել է իր իսկ խնամակալների կողմից։ Նրա մահվան հրապարակային հետաքննությունը Միացյալ Թագավորությունում երեխաների պաշտպանության քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների պատճառ է դարձել։
Քլիմբին ծնվել է Աբոբոյում (Կոտ դ'Իվուար), սակայն սովորելու նպատակով տեղափոխվել է Ֆրանսիա՝ իր ազգական Մարի-Թերեզ Քեուի մոտ։ 1999 թվականի ապրիլին նրանք տեղափոխվել են Լոնդոն[1]։ Հայտնի չէ, թե երբ է Քեուն սկսել վատ վերաբերվել Քլիմբիին։ Կասկած կա, որ իրավիճակը վատացել է Քեուի և Քլիմբիի՝ Անգլիա տեղափոխվելուց հետո։ Նրանց հետ էր մեկնել ոմն Կարլ Մենինգ, որը հանդիպում էր Քեուի հետ։ Դաժան վերաբերմունքը դրսևորվում էր այն բանում, որ Քլիմբիի մարմինը վառել էին ծխախոտով, օրերով պահել էին կապկպված վիճակով, ծեծել էին հեծանվային շղթաներով, մուրճով և լարերով։ Դեռ մինչև նրա մահը իրավիճակը փորձել են պարզել ոստիկանությունը, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը, Առողջապահության Ազգային ծառայությունը, Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ազգային միությունը և տեղի եկեղեցիները, սակայն խախտումների ոչ մի նշան չէին հայտնաբերվել։ Քլիմբիի մահից հետո դատավորը այդ մարմինների գործողությունները անվանել է «կուրացնելու աստիճան ոչ կոմպետենտ», քանի որ նրանցից ոչ մեկը չի կարողացել պատշաճ կերպով հետաքննել գործը և ինչ-որ բան ձեռնարկել։ Քեուն և Մենինգը դատապարտվել են սպանության համար՝ ցմահ ազատազրկմամբ։
Քլիմբիի մահից հետո գործի մասնակիցները ենթարկվել են լայն քննադատության։ Սկսվել է հրապարակային հետաքննություն, որը գլխավորել է լորդ Լեմինգը։ Քննիչները բացահայտել են Քլիմբիին փրկելու բազմաթիվ բաց թողնված հնարավորություններ, նշվել է նաև, որ իրավիճակին մասնակցած շատ կազմակերպություններ կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել։ Քննարկվել են նաև գործի ռասայական ասպեկտները, քանի որ ֆիգուրանտներից շատերը սևամորթ էին։ Լեմինգի հերթական զեկույցը Անգլիայում երեխաների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ էր պարունակում։ Քլիմբիի մահը մի շարք հետևանքներ է ունեցել. ձևավորվել է «Յուրաքանչյուր երեխա նշանակալի է» կառավարական ծրագիրը», 2004 թվականին ստորագրվել է Երեխաների մասին օրենքը, ստեղծվել է «ContactPoint» նախագիծը (տվյալների կառավարական բազան, որը նախատեսված է Անգլիայի բոլոր երեխաների մասին տեղեկատվության պահպանման համար, 2010 թվականին կոալիցիոն կառավարությունը դադարեցրել է նախագիծը), ինչպես նաև ստեղծվել է Երեխաների գործերով լիազոր վարչությունը՝ Անգլիայի մանկական կոմիսարի գլխավորությամբ։