Սև ծով
From Wikipedia, the free encyclopedia
Սև ծով[2], Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ Օդեսան, Չոռնոմոռսկը (նախկինում` Իլյիչևսկ), Մարիուպոլը, Նովոռոսիյսկը, Տուապսեն, Փոթին, Բաթումը, Կոստանցան, Բուրգասը, Վառնան, Տրաբիզոնը, Սամսունը, Զոնգուլդակը[3]։
Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։
Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։
Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում կենտրոնացած են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը (այժմ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը[4]), Կոնստանցայում և Մանգալիայում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպոլում և Նովոոզյորնոեում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը։