Սինուսիտ
From Wikipedia, the free encyclopedia
Սինուսիտ (լատիներեն՝ ռինոսինուսիտ կամ սինուսիտ), քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում[1][2]։ Ընդհանուր սիմպտոմներն են քթի լորձաթաղանթի հաստացումը, քթի փակվածությունը և դիմային ցավը[1][2]։ Այլ նշաններից կարող են լինել տենդ, գլխացավ, թուլության զգացողություն, կոկորդի ցավ և հազ[3][4]։ Հազը ուժգնանում է գիշերային ժամերին[4]։ Լուրջ բարդություններ հազվադեպ են նկատվում[4]։ Սինուսիտը համարվում է սուր, եթե տևում է 4 շաբաթից քիչ, և քրոնիկ, եթե տևում է 12 շաբաթից երկար։
Սինուսիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ, ախտանիշ կամ նշան և բորբոքային հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
Sinusitis Վիքիպահեստում |
Հայմորիտ կարող է առաջանալ ինֆեկցիայի, ալերգիայի, օդի աղտոտվածության, կամ էլ քթի կառուցվածքային խնդիրների պատճառով[3]։ Ամենահաճախը առաջանում է վիրուսային ինֆեկցիայի պատճառով[3]։ Բակտերիալ ինֆեկցիա կարող է առաջանալ, եթե սիմպտոմները ձգվում են ավելի քան տասը օր կամ էլ հիվանդն սկսում է նորից վատ զգալ վիճակի բարելավումից հետո[1]։ Հիվանդության ռեցիդիվներ առավել հաճախ լինում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ասթմա, կիստոզ ֆիբրոզ և թույլ իմունային համակարգ[1]։ Ռենտգեն հետազոտությունը պարտադիր չէ, բացառությամբ բարդությունների կասկածի դեպքում[1]։ Քրոնիկ ձևի հաստատման համար խորհուրդ է տրվում անցկացնել ուղղակի վիզուալիզացիա կամ համակարգչային տոմոգրաֆիա[1]։
Հիվանդության որոշ ձևեր կարելի է կանխարգելել` պահպանելով հիգիենայի կանոնները (օրինակ՝ ձեռքերը անընդհատ լվանալով), ծխախոտի դեմ պայքարելով և իմունիզացիայով[3]։ Հիվանդության ախտանիշների թեթևացմանը նպաստում են Նապրոքսենը (ցավազրկող), քթային ստերոիդները, քթային լվացումները[1][5]։ Սուր հայմորիտի դեպքում նախնական բուժման համար խորհուրդ է տրվում ընտրել սպասողական վիճակ[1]։ Եթե 7-10 օրվա ընթացքում ախտանշանները չեն անցնում, ապա կարող ենք օգտագործել անտիբիոտիկոթերապիա[1]։ Առաջին օգտագործման անտիբիոտիկներն են ամոքսիցիլինը կամ ամոքսիցիլին/կլավուլանատը[1]։ Վիրահատական բուժումը երբեմն օգտագործվում է հիվանդության քրոնիկ ձևերի ժամանակ[6]։
Սինուսիտը հաճախ հանդիպող հիվանդություն է[1]։ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ամեն տարի այս հիվանդությունով հիվանդացությունը կազմում է 10-30 տոկոս[1][7]։ Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ[8]։ Քրոնիկ սինուսիտով հիվանդացությունը կազմում է 12.5 տոկոս[9]։ Միացյալ նահանգներում սինուսիտի բուժման համար ծախսվում է ավելի քան 11 միլիարդ դոլար[1]։ Վիրուսային սինուսիտի դեպքում անիտիբիոտիկոթերապիան անարդյունավետ է[1]։