Սատուրնի օղակներ
From Wikipedia, the free encyclopedia
Սատուրնի օղակներ, Սատուրն մոլորակի հասարակածային հարթության մեջ գտնվող հարթ շրջանաձև ձևավորումներ են։ Սատուրնի օղակները Արեգակնային համակարգի մոլորակների օղակների միջև ամենապայծառն են։ Օղակները կազմված են անթիվ սառույցի բեկորներից և փոշուց, որոնց չափերը տատանվում են միկրոմետրերից մինչև մետրեր[1], որոնք շարժվում են Սատուրնի շուրջ ուղեծրերով։ Օղակների մասնիկները համարյա ամբողջությամբ կազմված են ջրի սառույցից, փոքր քանակով քարային ապարների հավելումներով։ Դեռևս չկա համաձայնություն այս օղակների ծագման հանգամանքների շուրջ, օղակների որոշ առանձնահատկությունները խոսում են նրանց համեմատաբար նոր լինելու մասին, սակայն տեսական մոդելները ցույց են տալիս, որ այս օղակները կարող էին գոյություն ունենալ Արեգակնային համակարգի առաջացման նախնական ժամանակաշրջաններում[2]։
Չնայած այն հանգամանքին, որ օղակները ավելացնում են Սատուրնի պայծառությունը, նրանք չեն երևում Երկրից անզեն աչքով։ 1610 թվականին Գալիլեո Գալիլեյը դարձավ առաջին մարդը, ով տեսավ Սատուրնի օղակները աստղադիտակով, սակայն նա չկարողացավ բացատրել այս օղակների բնույթը, քանզի աստղադիտակը թույլ չէր տալիս մանրակրկիտ դիտարկումներ անցկացնել։ 1655 թվականին Քրիստիան Հյուգենսը առաջին մարդն էր, ով բացատրեց որ այս օղակները սկավառականման ձևավորումներ են, որոնք պտտվում են Սատուրնի շուրջ[3]։
Չնայած, որ շատերը կարծում են, որ Սատուրնի օղակները կազմված են բազմաթիվ փոքր օղակներից (Լապլասի կարծիք)[3], իրական օղակները քիչ են։ Ավելի ճիշտ կլինի բնութագրել օղակները որպես ոչ համասեռ սկավառակ կոնցենտրիկ մաքսիմումներով և մինիմումներով, խտությունում և պայծառությունում։ Հիմնական օղակների միջև բավականին ազատ տարածություններ կան։ Դրանք օղակների միջև գտնվող ճեղքերն են, այստեղ օղակի պայծառությունն ու խտությունը կտրուկ ընկնում է։ Սատուրնի օղակների մեջ կան մեխ թվով ճեղքեր, դրանցից երկուսը առաջացել են նրանց մեջ պտտվող արբանյակների կողմից, մյուսները պայմանավորված են Սատուրնի արբանյակների հետ տարբեր ուղեծրային ռեզոնանսներով։ Որոշ ճեղքեր դեռևս ունեն չբացահայտված ծագում։ Մյուս կողմից ռեզոնանսները պատասխանատու են որոշ օղակների հաստատուն մնալու համար, օրինակ՝ Տիտանի ճեղքը և G օղակը։
Հիմնական օղակների խմբից հեռու է գտնվում Ֆեբեյի օղակը, որը պտտվում է մյուս օղակներից 27 աստիճանով շեղված հարթության մեջ, և ինչպես և Ֆեբեն պտտվում է հակադարձ ուղեծրով։