Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)
From Wikipedia, the free encyclopedia
Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։
Ռուս-թուրքական համատեղ պատերազմ ընդդեմ Հայաստանի (1920) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայոց ցեղասպանություն | |||||||||||||
1920 թ․ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայաստան | Թուրքիա | Ռուսաստան | |||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Ռուբեն Տեր-Մինասյան, Դրաստամատ Կանայան (Դրո) Մովսես Սիլիկյան |
Մուստաֆա Քեմալ, Քյազիմ Կարաբեքիր |
Վլադիմիր Լենին, Իոսիֆ Ստալին, Լև Տրոցկի, Սերգեյ Կիրով, Սերգո Օրջոնիկիձե, Միխայիլ Լևանդովսկի, Անատոլի Գեկկեր | |||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
30-36 հազար զինվոր 56 հրանոթ 184 գնդացիր |
50 000 զինվոր 306 հրանոթ |
50 000 զինվոր 300 հրանոթ, 400 գնդացիր | |||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
198 000 հայ խաղաղ բնակիչ |
Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Հոկտեմբերի 30-ին Կարսը ընկավ թուրքերի ձեռքը։ Հայաստանի ռազմական և քաղաքացիական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, 3000 զինվոր և 30 սպա գերի ընկան թուրքերի ձեռքը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։
Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը (11-րդ կարմիր բանակ)։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին Հայաստանի ներսում իրենց «հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և Հայաստանի ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները։
Այդ ամենի հետևանքով, բնականաբար, Հայաստանի բանակը պարտություն կրեց։ Թուրքերի հետ կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայկական կողմը հարկադրված էր հրաժարվել իր իսկ կողմից ստորագրված Սևրի պայմանագրից և այն Թուրքիայի կողմից ճանաչելու պահանջից, ինչպես նաև Թուրքիային զիջել Կարսի մարզը։ Փաստացի, Հայկական պատվիրակությունը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին զրկվել էր իր իրավազորությունից, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը լիազորել էր նրանց՝ բանակցելու Թուրքիայի հետ արդեն հրաժարական էր տվել և իշխանությունը փոխանցել կոալիցիոն նոր կառավարությաւնը, որը փաստացի Ռուսաստանի խամաճիկներից էր բաղկացած։ Այդ նոր, այսպես կոչված կառավարության մեջ մտան հիմնականում ձախ դաշնակցականներն ու բոլշևիկները, իսկ Հայաստանի տարածքի՝ Թուրքիայի կողմից չգրավված հիմնական մասը այդ պահին փաստացի անցել էր խորհրդային Ռուսաստանին, և ուղղակիօրեն բռնազավթվել էր Ռուսաստանի Տասնմեկերորդ Կարմիր Բանակի զօրամասերի կողմից։
Դեկտեմբերի 5-ին Երևանում իշխանությունը անցավ խորհրդային Ռուսաստանի կողմից ստեղծված Հեղափոխական կոմիտեին՝ Հեղկոմին, որը բաղկացած էր հիմնականում ծագումով հայ անձանցից, որոնք հիմնականում ծնունդով այն հողերից էին, որոնք անցել էին Ադրբեջանական Խորհրդային Հանրապետությանը։ Այդ անձինք, փաստացի խորհրդային Ռուսաստանի դրածոներն էին։ Դրանով իսկ, փաստացի՝ դե-ֆակտո, վերջ տրվեց Հայաստանի Հանրապետության անկախությանը, թեպետ իրավաբանորեն՝է դե-յուրե, այն դեռևս որոշ ժամանակ՝ մինչև 1922-ի դեկտեմբերի վերջը, շարունակեց իր գոյությունը։