Ռոտշիլդներ (տոհմ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոտշիլդների տոհմ (հայտնի է նաև որպես Ռոտշիլդների տուն[1] կամ պարզապես Ռոտշիլդներ), հրեա բանկիրների և հասարակական գործիչների եվրոպական դինաստիա, որոնց պատմությունը սկսվում է 18-րդ դարի վերջից։ 1816 թվականին Ավստրիական կայսրության կայսր Ֆրանց II-ը Ռոտշիլդներին շնորհեց բարոնական կոչում։ Ռոտշիլդները սկսեցին պատկանել ավստրիական ազնվականության բարձր հասարակությանը։ Տոհմի բրիտանական մասնաճյուղն ընդունվեց Վիկտորիա թագուհու արքունիքում[2][3]։ Ենթադրվում է, որ Ռոտշիլդներն աշխարհում ամենամեծ կարողությունն ունեցել են 19-րդ դարից ի վեր[3][4][5] Դաշնային պահուստների համակարգի ստեղծումից հետո։
Դինաստիայի հիմնադիր Ամշել Մոզես Բաուերին էր պատկանում ոսկերչական մի արհեստանոց, որի խորհրդանիշի վրա կարմիր վահանի վրա պատկերված էր հռոմեական ոսկե արծիվ։ «Կարմիր վահանը» (գերմ.՝ Rothschild) հիմք է ծառայել ազգանվան համար, որը «օրինականացրել» է Ամշելի որդին՝ Մայեր Ամշելը։ Նա վավերացրել է «Ռոտշիլդը» որպես ընդհանուր մականուն, և հենց Մայեր Ռոտշիլդն է ճանաչվել այս ազգանվան հիմնադիրը։
Մայեր Ամշել Ռոտշիլդը (1744-1812 թվականներ) Մայնի Ֆրանկֆուրտում հիմնադրել է բանկ։ Գործը շարունակեցին նրա հինգ որդիները՝ Ամշել Մայերը, Սողոմոն Մայերը, Նաթան Մայերը, Կալման Մայերը և Ջեյմս Մայերը։ Եղբայրները վերահսկում էին հինգ բանկեր Եվրոպայի խոշոր քաղաքներում՝ Լոնդոն, Փարիզ, Վիեննա, Նեապոլ, Մայնի Ֆրանկֆուրտ։ Ռոտշիլդների երկու մասնաճյուղեր՝ անգլիականը (Նաթանի կողմից) և ֆրանսիականը (Ջեյմսի կողմից), իրենց պատմությունը շարունակում են մինչև մեր ժամանակները։ Ամշել Մայերը, որն ապրում էր Ֆրանկֆուրտում, մահացավ անզավակ 1855 թվականին և Նեապոլիտանական մասնաճյուղի տղամարդկանց գիծը կտրվեց 1901 թվականին, կանանցը` 1935 թվականին, իսկ ավստրիական մասնաճյուղի կանանց գիծը դեռևս գոյություն ունի։