Ռիչարդ Նևիլ (Ուորիքի 16-րդ կոմս)
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Նևիլ (անգլ.՝ Richard Neville; նոյեմբերի 22, 1428, Նորիջ, Անգլիա - ապրիլի 14, 1471, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա)՝ Սոլսբերիի 6-րդ և Ուորիքի 16-րդ կոմս (ամուսնական իրավունքով[en])[3], Մոնտեգյուի 5-րդ բարոն, Մոնտերմարի 7-րդ բարոն, Կախազարդի միաբանության ասպետ՝ «թագավորներ արտադրող Ուորիք» մականունով (անգլ.՝ «Warwick Kingmaker»), անգլիական պեր, պետական և ռազմական գործիչ։ Սոլսբերիի 5-րդ կոմս Ռիչարդ Նևիլի և Էլիս Մոնտեգյուի ավագ որդին էր։ Եղել է իր ժամանակի ամենահարուստ և ազդեցիկ գործիչը՝ քաղաքական լայն կապերով, որոնք դուրս են եկել երկրի սահմաններից։ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի առանցքային դեմքերից մեկն էր՝ սկզբնապես Յորքերի կողմից, սակայն հետագայում անցել է Լանքասթերների կողմը։ Նա վաստակել է «թագավորներ արտադրողի» մականունը, քանի որ կարևոր դեր է խաղացել երկու թագավորների՝ Լանքասթերների դինաստիայից Հենրի VI-ի և Յորքերի դինաստիայից՝ Էդուարդ IV-ի տապալման գործում։
Ռիչարդ Նևիլ | |
Մասնագիտություն՝ | զորավար, դիվանագետ և քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 22, 1428 |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա |
Վախճանի օր | ապրիլի 14, 1471 (42 տարեկան) |
Վախճանի վայր | Բարնեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Թաղված | Bisham Abbey |
Դինաստիա | House of Neville? |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Richard Neville, 5th Earl of Salisbury?[1] |
Մայր | Alice Montacute, 5th Countess of Salisbury?[1] |
Ամուսին | Anne Beauchamp, 16th Countess of Warwick?[1] |
Զավակներ | Աննա Նևիլ[1], Isabel Neville, Duchess of Clarence?[1] և Margaret Neville?[2] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հաջող ամուսնության և ժառանգության շնորհիվ Ուորիքը 1450-ական թվականներին դարձավ երկրի՝ թագավորական ընտանիքից դուրս ամենահարուստ մարդը և հայտնվեց անգլիական քաղաքականության կենտրոնում։ Սկզբում Հենրի VI թագավորի կողմնակիցն էր, սակայն թագավորի ֆավորիտ Սոմերսեթի դուքս Էդմունդ Բոֆորթի հետ տարածքային վեճը նրան դրդեց կանգնել Յորքի դուք Ռիչարդի կողքին՝ իր հակադրություն թագավորի։ Դրա շնորհիվ նա ստացավ Կալեի կապիտանի[en] ռազմավարական կարևոր պաշտոնը։ Քաղաքական հակամարտությունը վերաճեց լայնածավալ ապստամբության, որը սկիզբ դրեց Կարմիր և սպիտակ վարդերի պատերզմին։ 1455 թվականին Ուորիքի մասնակցությունը Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտին որոշեց դրա ելքը հօգուտ Ռիչարդ Յորքի կողմնակիցների։ Կոմսի զորքերը թիկունքից հարվածեցին թագավորական զորքերին։ Զոհվեցին Լանքասթերների բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ Սոմերսեթի դուքսը։ Այդ հաղթանակի շնորհիվ Ռիչարդ Յորքը ճանաչվեց Հենրի VI-ի ժառանգորդը (շրջանցելով վերջինիս որդուն), սակայն Լանքասթերների կողմնակիցների մի մասը չճանաչեց այդ որոշումը և շարունակեց պատերազմը, որի ընթացքում սպանվեցին Ռիչարդ Յորքը և Ուորիքի հայրը՝ Կոմս Սոլսբերին։
Հոր մահից հետո Յորքի ավագ որդին շարունակեց պայքարը Լանքասթերների դեմ և 1461 թվականին Ուորիքի աջակցությամբ հաղթանակ տարավ՝ թագադրվելով որպես Էդուարդ IV։ Ի սկզբանե նոր թագավորը երկիրը կառավարում էր Ուորիքի աջակցությամբ, բայց ավելի ուշ երկուստեք վիճաբանեցին արտաքին քաղաքականության և Էդուարդի կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի պատճառով։ Վեճը հանգեցրեց Ուորիքի կողմից կազմակերպված երկու դավադրություններին, որոնց ընթացքում նա փորձեց գահին նստեցնել Էդուարդ IV-ի կրտսեր եղբորը՝ Քլարենսի դուքս Ջորջին, իսկ ապա՝ ավելի վաղ գահընկեց արված թագավոր Հենրի VI-ին։ Երկու դավադրություններն էլ ձախողվեցին և ավարտվեցին 1471 թվականի ապրիլի 14-ին, երբ Ուորիքը պարտվեց Էդուարդ IV-ին Բարնետի ճակատամարտում և սպանվեց։
Ամուսնացած էր Աննա դե Բոշանի՝ Ուորիքի 16-րդ կոմսուհու հետ։ Որդիներ չունեին։ Ուորիքի երկու դուստրերից ավագը՝ Իզաբելան (1451-1476), ամուսնացել է Քլարենսի դուքս Ջորջի հետ։ Նրա կրտսեր դուստրը՝ Աննան (1456-1485) կարճ ամուսնություն է ունեցել Հենրի VI թագավորի որդու՝ Էդուարդ Վեստմինստերացու հետ, ով մահացել է 17 տարեկանում Տյուքսբերիի ճակատամարտի ժամանակ։ Այնուհետև նա ամուսնացել է թագավոր Էդուարդ IV-ի կրտսեր եղբոր՝ Գլոստերի դուքս Ռիչարդ III-ի հետ, որը հետագայում դարձավ Ռիչարդ III թագավորը։ Ուորիքի երրորդ դուստրը՝ Մարգարեթը, ապօրինի է եղել[4]։
Ուորիքի պատմական ժառանգությունը եղել մեծ վեճի առարկա է եղել պատմաբանների միջև։ Ոմանք կարծում են, որ նա եսասեր և անխոհեմ է եղել, մյուսները նրան դիտարկում են որպես անշնորհակալ թագավորի քմահաճույքի զոհ։ Ընդհանուր առմամբ, պատմաբանները միակարծիք են, որ ժամանակին Կոմս Ուորիքը մեծ ժողովրդականություն է վայելել հասարակության բոլոր շերտերում և կարողացել է օգտվել ժողովրդական տրամադրություններից՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար[5]։