Ռազմական գործողություն «Իսլամական պետության» դեմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական գործողություն «Իսլամական պետության» դեմ (արաբ․՝ العمليات العسكرية ضد داعش), մի շարք պետությունների միջամտությունը Իրաքի, Սիրիայի և Լիբիայի տարածքում տեղի ունեցող հակամարտություններին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տարածմանը խոչընդոտելու նպատակով։
Ի պատասխան 2014 թվականի հունիսին և հուլիսին «Իսլամական պետություն» (կրճատ՝ ԻՊ) խմբավորման ձեռք բերած հաջողություններին, որոշ պետություններ սկսեցին միջամտել Սիրիայում և Իրաքում, իսկ հետո նաև Լիբիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին։ 2014 թվականի առաջին կեսի ընթացքում Իրաքում և Սիրիայում արագ տարածքային նվաճումները, միջազգային հանրության կողմից դատապարտված դաժանությամբ և մարդու իրավունքների խախտումներով հանդերձ, ինչպես նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետագա անսպասելի հետևանքների վախը ստիպել են շատ երկրների ռազմական գործողություններ սկսել ԻՊ-ի դեմ[1]։
Իրանը և նրա դաշնակիցներն ի սկզբանե մասնակցել են ցամաքային գործողություններին՝ կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ։ 2014 թվականի ամռան կեսին ԱՄՆ-ն Իրաք է ուղարկել հրահանգիչներ, որոնք անմիջական մասնակցություն չեն ունեցել մարտական գործողություններին, իսկ օգոստոսից սկսած լայնածավալ օդային արշավ են սկսել։
2015 թվականի փետրվարի 1-ին Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը փաստացի «երրորդ համաշխարհային պատերազմ» է, քանի որ «ԻՊ»-ն հայտարարում է Լևանտի սահմաններից դուրս պատերազմ ծավալելու և «համաշխարհային խալիֆայություն» ստեղծելու իր պլանների մասին[2]։
2015 թվականի մարտի 18-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վիրավորվել էր Իրաքի և Սիրիայի սահմանին երեք ավտոմեքենաներից բաղկացած շարասյան ուղղությամբ հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հարվածի հետևանքով։
Մինչև 2015 թվականի ապրիլի 14-ը ԻՊ-ը մարտերից հետո կորցրել Է Իրաքում գրավված նախնական տարածքների 25-30 %-ը (8-ից մինչև 9,6 հազար քառակուսի կիլոմետր)[3][4]։
2015 թվականի սեպտեմբերի 30-ին Սիրիայի կառավարության խնդրանքով Ռուսաստանի Դաշնությունը քաղաքացիական պատերազմի մեջ մտավ Սիրիայում՝ ռազմական գործողություն սկսելով այդ երկրում։
2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետը հայտնել էր ԻՊ-ից երկրի լիակատար ազատագրման մասին։