Ջեյմս I (Շոտլանդիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս I (հուլիս 1394, Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա - փետրվարի 21, 1437, Blackfriars, Perth, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա), թագավոր Ռոբերտ III-ի ու իր կնոջ՝ Անաբելլա Դրումոնդի կրտսեր որդին, երեք որդիներից ամենակրտսերը, ծնվել է Դանֆերմլայն վանքում։ Նրա ավագ եղբայր Դավիդը՝ Ռոթսեյի դուքսը, կասկածելի հանգամանքներում մահացել է, երբ բանտարկվել էր իրենց հորեղբայր Ալբանիի դուքս Ռոբերտի կողմից։ Ջեյմսի անվտանգության համար վախերը մեծացել են 1405/6 թվականի ձմռան ընթացքում և պլաններ են մշակվել նրան Ֆրանսիա ուղարկելու համար։ 1406 թվականի փետրվարին Ջեյմսը ստիպված էր ապաստան գտնել Բաս Ռոք ամրոցում, Ֆորթ գետի գետաբերանին, այն բանից հետո, երբ իր պահակախմբի վրա հարձակվել էին Դուգլասի IV կոմս Արչիբալդի աջակիցները։ Նա այնտեղ մնացել է մինչև մարտի կեսը, հետո նավով ուղևորվել դեպի Ֆրանսիա։ Մարտի 22-ին անգլիացի ծովահենները գրավել են նավն ու արքայազնին հանձնել Անգլիայի թագավոր Հենրի IV-ին։ Ապրիլի 4-ին վատառողջ Ռոբերտ III-ը մահացել է, իսկ 12-ամյա Ջեյմսը, որն արդեն Շոտլանդիայի չթագադրված թագավորն էր, չէր ստանալու իր ազատությունը ևս տասնութ տարի։
Ջեյմս I | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիս 1394 |
Ծննդավայր | Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա |
Մահացել է՝ | փետրվարի 21, 1437 (42 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Blackfriars, Perth, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա |
Perth Charterhouse | |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
բանաստեղծ, գրող և ազնվական | |
Հայր | Robert III of Scotland? |
Մայր | Անաբելլա Դրումոնդ |
Երեխաներ | Մարգարեթ Ստյուարտ[1][2], Իզաբելլա Շոտլանդացի, Էլեոնորա Շոտլանդացի[1], Մարիա Ստյուարտ[1], Joan Stewart, Countess of Morton?[1], Ալեքսանդր Ստյուարտ[1], Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)[2] և Աննաբելա Շոտլանդացի[1][2] |
Հավատք | քրիստոնեություն |
Ջեյմսը լավ կրթություն է ստացել անգլիական արքունիքում, որտեղ նա հարգանք է ձևավորել դեպի կառավարման անգլիական մեթոդներն ու դեպի Հենրի V-ը։ Շոտլանդիայի թագավորն ակնհայտ պատրաստակամորեն միացել է Հենրիին 1420-1421 թվականների Ֆրանսիայում նրա ռազմական արշավին։ Նրա զարմիկը՝ Ալբանիի որդի Մուրդոք Ստյուարտը, որն անգլիացի բանտարկյալ էր 1402 թվականից, 1416 թվականին փոխանակվել է Նորթումբերլանդիայի 2-րդ կոմս Հենրի Փերսիի հետ։ Ջեյմսն ամուսնացել էր Սոմերսետի կոմսի դստեր՝ Ջոան Բյուֆորտի հետ 1424 թվականի փետրվարին, ապրիլին իր ազատվելուց անմիջապես առաջ։ Շոտլանդական հարցերով թագավորի կրկին զբաղվելը բոլորովին էլ ընդունելի չի եղել, քանի որ նա Ֆրանսիայում կռվել էր Հենրի V-ի անունից, երբեմն նաև շոտլանդացիների դեմ։ Ազնվականներն այժմ ստիպված էին վճարել բարձրացված հարկերը, որպեսզի ծածկեն փրկագնի մարումները, նաև հարկադրված էին ընտանիքներից պատանդներ թողնել որպես երաշխիք։ Ջեյմսը, որը գերազանց տիրապետում էր սպորտային խաղերին ու գնահատում գրականությունն ու երաժշտությունը, նաև մեծ ցանկություն է ունեցել իր ենթականերին օրենք ու կարգուկանոն պարտադրելու, թեև նա երբեմն դա արել է ընտրողաբար։
Իր դիրքն ապահովելու համար Ջեյմսն սկսել է կանխարգելիչ հարձակումներ իր ազնվականներից ոմանց վրա, սկսելով 1425 թվականին իր մերձավոր ազգականներ Ալբանիի Ստյուարտներից, որը հանգեցրել է Մուրդոքի դքսի ու նրա որդիների մահապատժին։ 1428 թվականին Ջեյմսը ձերբակալել է Այլզի լորդ Ալեքսանդրին Ինվերնեսում պառլամենտ այցելելիս։ Դուգլասի 5-րդ կոմս Արչիբալդը ձերբակալվել է 1431 թվականին, որին հաջորդել է Մարչի կոմս Ջորջի ձերբակալությունը 1434 թվականին։ Անգլիայում պահվող պատանդների վիճակն անտեսվել ու փրկագնի մարման գումարներն ուղղվել են Լինլիթգոու պալատի շինարարությանն ու այլ շքեղ նախագծերին։ 1436 թվականի օգոստոսին Ջեյմսը ձախողել է անգլիացիների տիրապետության տակ գտնվող Ռոքսբուրգ ամրոցը հետ նվաճելը, դրան հետևել է սըր Ռոբերտ Գրահամի կողմից նրան ձերբակալելու անհաջող փորձը ընդհանուր խորհրդակցության ժամանակ։ Ջեյմսը սպանվել է Փերթում 1437 թվականի փետրվարի 20/21 գիշերը իր հորեղբայր Վալտեր Ստյուարտի՝ Աթոլի կոմսի կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման ժամանակ։ Թագուհի Ջոանը, որը նույնպես վիրավոր էր, կարողացել է փախչել հարձակվողներից ու հասնել իր որդուն՝ արդեն թագավոր Ջեյմս II-ին Էդինբուրգ ամրոցում։