Պունիկյան պատերազմներ
From Wikipedia, the free encyclopedia
Պունիկյան պատերազմները, մ․թ․ա․ 264–146 թվականներին տեղի ունեցած պատերազմներ Արևմտյան Միջերկրական ծովում միմյանց դեմ պայքարող երկու հզորագույն ստրկատիրական տերությունների՝ գյուղատնտեսական–արհեստավորական Հռոմեական հանրապետության և առևտրական–ծովագնացային Կարթագենի հանրապետության միջև՝ Արևմտյան Միջերկրականում տիրապետություն հաստատելու համար[1]։
Պունիկյան տերմինը գալիս է լատին․՝ Punicus կամ Poenicus բառից, որը նշանակում է «պունիկյան», «փյունիկյան», «կարթագենյան», նկատի ունենալով կարթագենացիների՝ փյունիկացի նախնիներից ծագած լինելը[2]։ Մինչ Պունիկյան պատերազմները, կարթագենացիները տիրապետող էին Արևմտյան Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սիցիլիա) մեծ մասը, արևմտյան միջերկրածովյան առևտրի հեգեմոնիան[1]։
Պունիկյան պատերազմները երեք պատերազմից կազմված պատերազմների մի շարք էր[3]։ Դրանք այդ ժամանակաշրջանի ամենամեծ պատերազմներն էին[4]։
Պունիկյան պատերազմների գլխավոր պատճառը շահերի բախումն էր գոյություն ունեցող Կարթագենյան ծովային տերության և ընդլայնվող Հռոմեական հանրապետության միջև։ Հռոմեացիները սկզբնապես շահագրգռված էին ընդլայնվելու ի հաշիվ Սիկիլիայի (որը իր ժամանակի մշակութային խառնարանն էր), այնինչ այդ հարուստ ու զարգացած կղզու մի մասը գտնվում էր Կարթագենի հսկողության ներքո։
Պունիկյան պատերազմներից առաջինի սկզբում Կարթագենը Արևմտյան Միջերկրական ծովի գերիշխող տերությունն էր, որը լայնարձակ ծովային ու առափնյա տիրույթներ ուներ։ Նրա հակառակորդը՝ Հռոմը, արագ բարձրացող տերություն էր Իտալիայում, սակայն նա զուրկ էր Կարթագենի ունեցած ռազմածովային հզորությունից։ Երրորդ կամ վերջին պունիկյան պատերազմի ավարտին, ավելի քան հարյուրամյա պայքարից հետո, մարտադաշտերում կորցնելով մի քանի հարյուր հազարավոր զինվորներ, Հռոմը նվաճեց Կարթագենի ամբողջ տիրույթները, լիովին ոչնչացրեց հակառակորդ տերության փառահեղ մայրաքաղաքը և վերածվեց Արևմտյան Միջերկրածովի ամենահզոր տերության։
Մակեդոնական պատերազմների ավարտին, որոնք մղվում էին Պունիկյան պատերազմների հետ գրեթե միաժամանակ, ինչպես նաև Սելևկյան տերության արքա Անտիոքոս III Մեծի պարտությամբ, որը տեղի ունեցավ Հռոմեա–Սելևկյան պատերազմի արդյունքում և ամրակայվեց Ապամեայի պայմանագրով, մ․թ․ա․ 188 թվականին, Հռոմը վերածվեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում գերիշխող տերության, դառնալով դասական հնադարի կամ կլասիկ անտիկ ժամանակաշրջանի հզորագույն քաղաք–պետությունը։
Հենց Կարթագենի դեմ Պունիկյան երեք պատերազմներում տարած հաղթանակներն էին, որ Հռոմին տվեցին այն կարկառուն կարգավիճակը, որը նա պետք է պահպաներ մինչև մ․թ․ 5–րդ դարը։