Պատիվ
From Wikipedia, the free encyclopedia
Պատիվ` մարդկային հատկանիշ, և՛ հասարակական ուսմունքի, և՛ անձնական խառնվածքի տարր, արտահայտվում է որպես վարվելաձևի կանոն, և որին բնորոշ են արիությունը, վեհանձնությունը, ազնվությունը և կարեկցանքը։ Վերացական հասկացություն է, որը ենթադրում է գիտակցված արժանապատվության և հարգանքի զգացողություն, որն ազդում է և՛ անհատի հասարակական դիրքի ու ինքնագնահատականի, և՛ այնպիսի համակարգերի վրա, ինչպիսիք են ընտանիքը, դպրոցը, բանակը կամ պետությունը։ Ըստ այդմ, անհատները (կամ համակարգերը) օժտվում են կարևորությամբ և բարձր հասարակական դիրքով՝ կախված պատվո որոշակի պատվո վարքականոնին, և առհասարակ հասարակության բարոյական վարքականին իրենց գործողությունների համապատասխանությունից։
Սեմյուել Ջոնսոնը, իր Անգլերենի բառարանում (1755), պատիվը սահմանել է որպես մի հասկացություն, որն ունի մի քանի իմաստ, որոնցից առաջինն է "հոգու ազնվությունը, մեծահոգությունը, և ստորությանը քամահրանքը"։ Պատվի այս տեսակը բխում է դրանով օժտված մարդու առաքինի վարքագծից և անձնական բարեխղճությունից։ Ջոնսոնը պատիվը սահմանել է նաև այն կապելով «հեղինակության» և «փառքի», «աստիճանակարգային կամ ծննդյան արտոնությունների» հետ, ինչպես նաև «հարգանքի», որը «պայմանավորում է մարդու հասարակական դիրքը և նրա գերազանցության իրավունքը»։ Այս տեսակ պատիվը հաճախ համարվում է ոչ այնքան բարոյական կամ էթիկական գերազանցության գործառույթ, որքան իշխանության հետևանք։ Վերջապես, ինչ վերաբերում է սեռականությանը, պատիվը ավանդաբար ասոցացվում է «մաքրության» կամ «կուսության», իսկ ամուսնացած տղամարդկանց և կանանց դեպքում «հավատարմության» հետ։ Ոմանք պնդում են, որ պատիվը պետք է դիտարկվի որպես հռետորաբանություն կամ հնարավոր գործողությունների մի շարք, այլ ոչ թե վարքականոն։