Պալեոզոյան դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Պալեոզոյան դարաշրջան, պալեոզոյ, PZ (հուն․՝ πᾰλαιός – հին, ζωή – կյանք), երկրաբանական դարաշրջան Երկրի պատմության մեջ, որը հայտնի է որպես հնագույն կյանքի ժամանակաշրջան։ Ֆաներոզոյան էոնի առանձին դարաշրջան է։ Հաջորդել է նեոպրոտերոզոյան դարաշրջանին և նախորդում մեզոզոյան դարաշրջանին։ Սկսվել է 541,0 ± 1,0 միլիոն տարի առաջ և ավարտվել 251,902 ± 0,024 մլն տարի առաջ[1]։ Այսպիսով՝ այն տևել է շուրջ 289 մլն տարի։ Ըստ այլ աղբյուրների՝ սկսվել է 570 մլն տարի առաջ և տևել 340–350 մլն տարի (գնահատումը ռադիոլոգիական մեթոդներով)[2]։ Բաժանվում է վեց ժամանակաշրջանների՝ քեմբրի, օրդովիկի, սիլուրի, դևոնի, քարածխային և պերմի[3][4]։
Դարաշրջանի սկզբում հարավային մայրցամաքները միավորվել են՝ կազմելով Գոնդվանա սուպերմայրցամաքը, իսկ ավարտին նրան միացել են այլ մայրցամաքներ, և ձևավորվել է Պանգեա սուպերմայրցամաքը։ Դարաշրջանն սկսվել է կենդանի օրգանիզմների տաքսոնոմիական բազմազանության քեմբրիի պայթյունից և ավարտվել պերմի զանգվածային բնաջնջմամբ։ Պալեոզոյան դարաշրջանի ընթացքում ձևավորված ապարները կոչվում են պալեոզոյան խումբ։ Այդ խումբն առաջին անգամ առանձնացրել է անգլիացի երկրաբան Ադամ Սեջվիկը։
Մինչքեմբրիին նախորդած ծալքավորման խոշոր շարժումներից հետո ձևավորվել են պլատֆորմներն ու գեոսինկլինալային մարզերը, որոնց ուրվագծերը պահպանվել են ամբողջ պալեոզոյի ընթացքում։ Պալեոզոյան դարաշրջանը բնորոշվում է երկու խոշոր լեռնակազմական ծալքավորումներով՝ կալեդոնյան և հերցինյան։ Կալեդոնյան ծալքավորության հիմնական փուլերը նշվում են օրդովիկի և սիլուրի միջև ընկած ժամանակաշրջանում և դևոնի սկզբում։ Նրանք հատկապես լավ են արտահայտված Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Սայաններում, Շպիցբերգենում, Սկանդինավյան թերակղզում, Ղազախստանում, Նյուֆաունդլենդում և Ապալաչներում։ Հերցինյան ծալքավորությունները կատարվել են քարածխային ժամանակշրջանի երկրորդ կեսում և պերմում, ձևավորել Կենտրոնական Եվրոպայի, Ուրալի, Ապալաչների և այլ լեռնային կառույցները։ Պալեոզոյան դարաշրջանում գոյություն են ունեցել Գոնդվանան և Անգարիդան։ Պալեոզոյան դարաշրջանի սկզբում տեղի է ունեցել մինչ այդ չհանդիպած կարծր կմախքով ծովային կենդանիների անակնկալ և արագ տարածում ամբողջ դարաշրջանում։ Բազմազան է եղել բուսականությունը, որ սկզբում ներկայացվել է ջրիմուռներով, իսկ դարաշրջանի վերջում՝ փարթամ անտառներով, որոնք առաջացրել են քարածխային խոշոր հանքավայրեր (Դոնբաս, Կուզբաս և այլն)[2]։
Պալեոզոյան դարաշրջանի գոյացումները, որ ներկայացված են գլխավորապես նստվածքային ապարներով, հայտնի են նաև Հայաստանում և պարունակում են հիմնականում ֆոսֆորիտներ, մարմարներ ու քվարցիտներ[2]։