Չիտագոնգ
Բանգլադեշի երկրորդ մեծ քաղաքը՝ տեղակայված երկրի հարավարևմտյան մասում / From Wikipedia, the free encyclopedia
Չիտագոնգ (բենգալերեն՝ চট্টগ্রাম[2], անգլ.՝ Chittagong, /ˈtʃɪt əˌɡɒŋ/[3] chit-uh-gong;[3], պաշտոնապես՝ Չատոգրամ/Chattogram[4], բենգալերեն՝ চট্টগ্রাম), քաղաք Բանգլադեշի հարավարևելյան մասում՝ Կարնափհուլի գետաբերանի մերձակայքում, Բենգալյան ծովածոցի ափին, Բիրմայի և Հնդկաստանի հետ Բանգլադեշի պետական սահմաններից ոչ հեռու։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, մեծությամբ երկրորդ քաղաքը երկրում և խոշորագույն ու կարևորագույն նավահանգիստը, որն աշխարհի հնագույն բնական նավահանգիստներից մեկն է[5], ներկայումս նույնպես Բենգալյան ծոցի ամենաբանուկ նավահանգիստն է[6] և ընկած լինելով Մետաքսի ճանապարհի հարավային ճյուղավորման վրա՝ դարեր շարունակ համարվել է Բենգալիայի դարպասը։
Բնակավայր | ||
---|---|---|
Չիտագոնգ | ||
Երկիր | Բանգլադեշ | |
Մակերես | 157 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Պաշտոնական լեզու | բենգալերեն | |
Բնակչություն | 2 581 643 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+6 | |
Հեռախոսային կոդ | 31[1] | |
Փոստային դասիչ | 4000 | |
Պաշտոնական կայք | chittagong.gov.bd | |
| ||
Դեռևս 9-րդ դարում Աբբասյան խալիֆայության վաճառականներն առևտրային կետ են բացել այստեղ[7][8]։ Հետագայում նավահանգիստն ընկել է Դելիի, ապա՝ Բենգալիայի սուլթանության, այնուհետև՝ Մոգոլների կայսրության տիրապետության տակ[9]։ 16-րդ դարում այն նվաճել են պորտուգալացիները[10], և պատմիչ ու գրող Ժուան դի Բառուշը բնորոշել է նրան որպես «Բենգալիայի թագավորության ամենահռչակված ու ամենահարուստ քաղաքի»[11]։ Բազմաթիվ անվանի ճանապարհորդներ են այցելել այս քաղաքը, նրանց թվում՝ Սուան Ցանգը, Աբու Աբդալլահ իբն Բատուտը, Չենգ Չեն[12][13][14]։ 1760 թվականին Բենգալիայի տիրակալ նավաբը Չիտագոնգը զիջել է բրիտանական Արևելահնդկական ընկերությանը։ 1928 թվականին այն հռչակվել է Բրիտանական Հնդկաստանի ամենամեծ նավահանգիստ։ 1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի տրոհման արդյունքում քաղաքը հայտնվել է Պակիստանի, ապա՝ Արևելյան Պակիստանի կազմում։ 1971 թվականին՝ ազատագրական պատերազմի ավարտին, այս քաղաքում է հռչակվել Բանգլադեշ պետության անկախությունը։
Նորագույն ժամանակներում Չիտագոնգը դարձել է արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, ռազմածովային, կրթական խոշորագույն կենտրոն, որն ապահովում է Բանգլադեշի համախառն ներքին արդյունքի 12, արդյունաբերական արտադրանքի 40, միջազգային առևտրի 80 տոկոսը։ Քաղաքում գործում է ֆոնդային խոշոր բորսա, որի ցանկում ընդգրկված են 700-ից ավելի ընկերություններ։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, համբավավոր համալսարան։
Մեծ Չիտագոնգի տարածքում 2022 թվականի սկզբին ապրում էր 5,2 միլիոնից ավելի մարդ[15]:Դրանից երկու տարի առաջ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 3,9 միլիոն[16]։