Չինգիզ խան
From Wikipedia, the free encyclopedia
Չինգիզ խան (ծննդյան անունը՝ Թեմուչին, մոտ մայիսի 31, 1162, Դելյուն-Բոլդոկ, Khamag Mongol - օգոստոսի 18, 1227[3] կամ օգոստոսի 25, 1227[4], Յինչուան, Սի Սյա), Մոնղոլական կայսրության հիմնադիր, զորավար։
Չինգիզ խան | |
---|---|
Մոնղոլական կայսրության Մեծ Խան | |
Իշխանություն | գարուն 1206 – օգոստոսի 25, 1227 (ավելի քան 20 տարի) |
Թագադրում | գարուն[1] 1206 թ., Մոնղոլիա |
Լրիվ անուն | Չինգիս խան Մոնղոլական կիրիլիցա այբուբեն։ Чингис Хаан Չինգիզ խագան Մոնղոլական այբուբեն (աջ)։ Չինգիս խագան Անունը ծնվելիս։ Temujin, մոնղ.՝ Тэмүжин Թեմուչին, Կաղապար:Lang-xng;[2] |
Տիտղոսներ | Խան, Խագան |
Ծնվել է՝ | մոտ մայիսի 31, 1162 |
Ծննդավայր | Դելյուն-Բոլդոկ, Khamag Mongol |
Մահացել է՝ | օգոստոսի 18, 1227[3] (65 տարեկան) կամ օգոստոսի 25, 1227[4] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Յինչուան, Սի Սյա |
անհայտ | |
Երկիր | Մոնղոլական կայսրություն |
Ազգություն | մոնղոլ |
Հաջորդող | Ուգեդեյ խան |
Տոհմ | Բորջիգին |
զորավար, ցեղի առաջնորդ և միապետ | |
Հայր | Եսուգեյ |
Մայր | Օելուն[5] |
Երեխաներ | Ջոչի խան[5], Չաղաթայ[6][7][5], Ուգեդեյ[5], Թոլույ խան[5], Ու Լու Շի[5], Alahaibieji?[5], Թյումելյուն[5], Չեչեյիխեն[5], Yeli'andun?[5], Il-Altun?[5], Huochenbieji?[5], Kölgen?[5], Chawuer? և Shuerche? |
Հավատք | Թենգրիականություն |
Ստորագրություն |
Իշխանության համար պայքարում հաղթել է (մինչև 1204 թվականը) իր հակառակորդներին։ 1206 թվականին մոնղոլական ավագանու ղուրուլթայում (համաժողով) հռչակվել է մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր) տիտղոսը։ Չինգիզ խանը ձգտել է միավորել մոնղոլական ցեղերին և կենտրոնացնել նորաստեղծ պետության կառավարումը։ 1206 թվականին հրապարակել է մոնղոլների համակարգված սովորութային իրավունքը (յասա), մոնղոլական ցեղերի զբաղեցրած տարածքները բաժանել է ռազմավարչական միավորների, որոնք իբրև բաժնեկալվածք շնորհել է իր ազգականներին և իր կողմնակից ֆեոդալներին՝ նոյոններին։ Ստեղծել է 10 հազարանոց թիկնապահ զորք, որը ճնշել է ամեն մի անհնազանդություն։
Արտաքին ասպարեզում ձգտել է առավելագույնս ընդարձակել իր տիրապետության սահմանները։ Նրա օրոք սկսվել են մոնղոլական նվաճումները, որոնք հսկայական վնաս են հասցրել նվաճված երկրների ժողովուրդներին։ Չինգիզ խանը 1220 թվականին հետախուզական նպատակով մի զորամաս է ուղարկել արևմտյան Ասիա, որը, ի թիվս այլ երկրների, ներխուժել է նաև Հայաստան և ասպատակել նրա հյուսիս-արևելյան շըրջանները։ Չինգիզ խանի, իբրև զորավարի, ռազմագիտությանը և մարտավարությանը բնորոշ էին մանրազնին հետախուզությունը, հարձակման հանկարծակիությունը, հակառակորդի ուժերի մասնատումը, ծուղակների ստեղծումը են։
Չինգիզ խանի հաջորդների օրոք Մոնղոլական կայսրություն ևս ընդարձակվել է, դարձել մարդկային պատմության մեջ տարածքով ամենամեծ ցամաքային կայսրությունը։ Չինգիզ խանի սկսած արշավանքներն աննախադեպ ոչնչացման և զանգվածային տեղահանումների՝ ինչպես նաև միլիոնավոր (եթե ոչ տասնյակ միլիոնավոր) մահերի պատճառ են դարձել։ Մոնղոլական նվաճումները նաև նպաստել են Արևմուտքի և Արևելքի միջև հաղորդակցության և առևտրի զարգացումը, մշակույթի, տեխնոլոգիաների և գաղափարների տարածումը։