Ուղեղի ցնցում
From Wikipedia, the free encyclopedia
Ուղեղի ցնցում, հայտնի է նաև գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասում (ԳԹՏՎ) անվամբ, բնորոշվում է որպես գլխի վնասում, որը ժամանակավորապես ազդում է գլխուղեղի գործունեության վրա[1]։ Ախտանիշները կարող են ընդգրկել գլխացավեր, մտածողության, հիշողության կամ կենտրոնացման խանգարումներ, սրտխառնոց, լղոզված տեսողություն, քնի խանգարումներ կամ տրամադրության փոփոխություն[2]։ Որոշ ախտանշաններ կարող են ի հայտ գալ անմիջապես, մյուսները՝ վնասվածքից օրեր անց[2]։ Երեխաների շրջանում սպորտի հետ կապված ուղեղի ցնցումների 10%-ից քիչ դեպքերը ուղեկցվում են գիտակցության կորստով[3]։ Ոչ հազվադեպ ախտանշանները կարող են պահպանվել մինչև 4 շաբաթ[4]։
Ուղեղի ցնցում | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ավտովթարներ, վայր ընկնելը, սպորտային վնասվածքներ, հեծանվային վթարներ |
Հիվանդության ախտանշաններ | գլխացավ, սրտխառնոց, լղոզված տեսողություն, քնի խանգարում և տրամադրության անկայունություն |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն, նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 850 |
ՀՄԴ-10 | S06.0 |
Հոմանիշներ | գլխուղեղի թեթև վնասում, գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասում, գլխի թեթև վնասում, գլխի թեթև վնասվածք |
Ախտորոշում | հիմնված ախտանշանների վրա |
Բուժում | ֆիզիկական և կոգնիտիվ հանգիստ 1-2 օրվա ընթացքում՝ ակտիվությունների աստիճանական վերադարձով |
Կանխարգելում | Պաշտպանիչ գլխարկների օգտագործում հեծանիվ կամ մոտոցիլետ վարելիս |
Հաճախություն | տարեկան 1000 մարդուց 6-ը |
Տևողություն | մինչև 4 շաբաթ |
Concussions Վիքիպահեստում |
Հաճախակի պատճառները ընդգրկում են ավտովթարներ, վայ ընկնելը, սպորտային վնասվածքներ և հեծանվային վթարներ[5][6]։ Ռիսկի գործոններից է ալկոհոլի օգտագործումը[7]։ Մեխանիզմները կարող են ներառել ինչպես անմիջապես գլխին հասցված հարված, այնպես էլ մարմնի այլ հատվածի վրա ուժի ազդեցություն, որը փոխանցվում է գլխին[4]։ Սա բերում է նեյրոնների գործունեության խանգարման, քանզի առկա է գլյուկոզայի պահանջի մեծացում, բայց արյան անբավարար մատակարարում[4]։ Ախտորոշման համար անհրաժեշտ է 30 րոպեից քիչ տևողությամբ գիտակցության կորուստ, 24 ժամից քիչ հիշողության կորուստ և Գլազգոյի Կոմայի Սանդղակով 13-15 միավոր[8]։ Հակառակ դեպքում պետք է քննարկել գլխուղեղի միջին կամ ծանր տրավմատիկ վնասուման հնարավորությունը[8]։
Կանխարգելումն ընդգրկում է պաշտպանիչ գլխարկների օգտագործում հեծանիվ կամ մոտոցիկլետ վարելիս[5]։ Բուժումն ընդհանուր առմամբ ընդգրկում է ֆիզիկական և մտավոր հանգիստ 1-2 օրվա ընթացքում՝ ակտիվությունների աստիճանական վերադարձով[4][9][10]։ Հանգստի ավելի երկար շրջանները կարող են վատացնել ելքը[4]։ Կարող են կիրառվել պարացետամոլ կամ այլ ՈՍՀԲԴ[4]։ Հավասարակշռության պահպանվող խնդիրների դեպքում կարող է օգտակար լնել ֆիզիոթերապիան, իսկ տրամադրության փոփոխությունների դեպքում կոգնիտիվ վարքային թերապիան[4]։ Հիպերբարիկ օքսիգենացիայի և խիրոպակտիկ թերապիայի օգտակարության մասին վկայող ապացույցները շատ քիչ են[4]։
Ուղեղի ցնցում լինում է տարեկան 1000 մարդուց ավելի քան 6 հոգու մոտ[5]։ Սա գլխուղեղի տրավմատիկ վնասման ամենատարածված ձևն է[5]։ Ավելի հաճախ առաջանում է արական սեռի և պատանիների շրջանում[5]։ Ելքը սովորաբար բարենպաստ է[11]։ Մինչև նախորդ ուղեղի ցնցման ախտանշանների անհետացումը՝ նոր ուղեղի ցնցումը ասոցացվում է ավելի վատ ելքի հետ[12][13]։ Ուղեղի ցնցման կրկնվող էպիզոդները հետագա կյանքում կարող են բարձրացնել քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայի, Պարկինսոնի հիվանդության կամ դեպրեսիայի զարգացման ռիսկը[14]։