Շագանակագեղձի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Շագանակագեղձի քաղցկեղը քաղցկեղի զարգացումն է շագանակագեղձում, որը հանդիսանում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի օրգան[1]։ Շագանակագեղձի քաղցկեղի մեծ մասը դանդաղ է աճում, սակայն որոշ դեպքերում՝ համեմատաբար արագ[2][3]։ Քաղցկեղային բջիջները կարող են շագանակագեղձից տարածվել այլ օրգաններ, հատկապես ոսկրեր և ավշային հանգույցներ[4]։ Այն կարող է սկզբում որևէ ախտանիշով չդրսևորել[2]։ Ավելի ուշ փուլերում կարող են դիտվել դժվարացած միզարձակում, արյուն մեզում, ցավ կոնքի խոռոչում[5]։ Շագանակագեղձի բարորակ գերաճը ևս կարող է նման ախտանիշներ առաջացնել[2]։ Ավելի ուշ փուլերում կարող է դիտվել հոգնածության զգացողություն՝ սակավարյունության զարգացման պատճառով[2]։
Շագանակագեղձի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Շագանակագեղձ |
Բուժաքննություն | Kallikrein related peptidase 3?, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն և prostate cancer screening? |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 185185 |
ՀՄԴ-10 | C6161. |
Prostate cancer Վիքիպահեստում |
Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են՝ մեծ տարիքը, հիվանդության ընտանեկան պատմությունն ու ռասսան[3]։ Դեպքերի մոտ 99%-ը առաջանում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ[3]։ Այս հիվանդությամբ առաջին աստիճանի հարազատ ունենալը մեծացնում է ռիսկը երկու-երեք անգամ[3]։ ԱՄՆ-ում այն ավելի տարածված է աֆրոամերիկացիների, քան սպիտակամորթների շրջանում[3]։ Ռիսկի գործոններ են հանդիսանում նաև սննդում վերամշակված մսի, կարմիր մսի կամ կաթնամթերքի բարձր քանակը[3]։ Հայտնաբերվել է կապ գոնորեայի հետ, բայց որպես պատճառ հաստատված չէ[6]։ Բարձր է ռիսկը՝ կապված BRCA մուտացիաների հետ[7]։ Շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշվում է բիոպսիայով[5]։ Որոշ բժշկական հետազոտություններ իրականացնելով կարելի է պարզել, արդյոք քաղցկեղը տարածվել է այլ օրգաններ, թե ոչ[5]։
Շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգը հակասական է[3][8]։ Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) հայտնաբերումը մեծացնում է քաղցկեղի հայտնաբերման հավանականությունը, սակայն չի ազդում ելքի վրա[8][9][10]։ Խորհուրդ է տրվում սկրինինգ հետազոտություն կատարել 55-69 տարեկանների շրջանում[11][12]։ Ավելի նպատակահարմար է այն իրականացնել կյանքի երկար տևողություն ունեցող մարդկանց շրջանում[13]։ Չնայած 5α-ռեդուկտազը կարծես նվազեցնում է ցածր աստիճանի քաղցկեղի ռիսկը, սակայն չի ազդում բարձր աստիճանի քաղցկեղի ռիսկի վրա և խորհուրդ չի տրվում կիրառել կանխարգելման նպատակով[3] Սննդի հավելումը վիտամիններով կամ հանքանյութերով չի ազդում ռիսկի վրա[3][14]։
Շատ դեպքերում իրականացվում է ակտիվ հսկողություն։ Բուժման նպատակով կիրառվում են վիրահատություն, ճառագայթային թերապիա, հորմոնալ թերապիա կամ քիմիոթերապիա[5]։ Երբ քաղցկեղը միայն շագանակագեղձի սահմաններում է, կարող է բուժելի լինել[2]։ Երբ այն տարածվում է դեպի ոսկրեր՝ ցավազրկող դեղերը, բիսֆոսֆոնատները և թիրախային թերապիան կարող են օգտակար լինել[5]։ Ելքը կախված է տարիքից և առողջական վիճակից, ինչպես նաև քաղցկեղի ագրեսիվության և տարածվածության աստիճանից[5]։ Շատերը չեն մահանում հիվանդությունից[5]։ ԱՄՆ-ում 5 ամյա ապրելիությունը 99% է[15]։ Այն աշխարհում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է և տղամարդկանց մոտ մահվան 5-րդ առաջատար պատճառը[16]։ 2012 թվականին շագանակագեղձի քաղցկեղ առաջացել է 1,1 մլն տղամարդու մոտ և այն հանդիսացել է 307,000 մահվան պատճառ[16]։ Այն ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ 84 երկրներում[3], ավելի հաճախ հանդիպում է զարգացած երկրներում[17]։ Հանդիպման հաճախականությունը բարձրացել է զարգացող երկրներում[17]։ Դեպքերի քանակը զգալիորեն աճել է 1980-ականներին և 1990-ականներին՝ կապված շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) ստուգմամբ[3]։ 60 տարեկանից բարձր տարիքում մահացած տղամարդկանց 30-70%-ի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ[2]։