Նուբիական անապատ
From Wikipedia, the free encyclopedia
Նուբիական անապատ, գտնվում է Աֆրիկայում, Նեղոսի և Կարմիր ծովի միջև (մեծ մասը՝ Սուդանում)։ Սարավանդ է՝ արևելքից արևմուտք թեքված մակերևույթով (բարձրությունը՝ 1000-ից մինչև 350 մ) և կղզիանման լեռներով (բարձրությունը՝ մինչև 1240 մ)։ Կազմված է հնագույն ապարներից, որոնք արևելքում մերկանում են, իսկ արևմուտքում ծածկված են ավազներով։ Նուբիական անապատը կտրտված է չոր գետահուներով (վադիներով)։ Կլիման չոր արևադարձային է, տարեկան տեղումները՝ 25 մմ, բուսածածկույթը նոսր է, տիրապետում են չորասեր հացազգիները, փշատերև թփուտներն ու կիսաթփուտները։ Զբաղվում են անասնապահությամբ։ Նուբիական անապատով անցնում է երկաթուղի և ավտոմայրուղի։