Նոր կին
From Wikipedia, the free encyclopedia
Նոր կին, ռուս հեղափոխական և կանանց հարցերով բոլշևիզմի հանրահայտ տեսաբան Ալեքսանդրա Կոլոնտայի կոնցեպտը, որը 1913 թվականին տպագրվել է համանուն հոդվածի մեջ։ Այն ավելի ուշ՝ 1919 թվականին տպագրվել է «Նոր բարոյականություն և բանվորական դասակարգ» ժողովածուում։ Համարվում է 20-րդ դարի սկզբի սոցիալիստական և ֆեմինիստական մտքի կարևոր դրսևորումներից մեկը[1]։ Հոդվածում Կոլոնտայը գրում է Գերհարդ Հաուպտմանի, Թոմաս Մանի, Գրետա Մեյզել Հեսի, Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկի գեղարվեստական ոճի վերաբերյալ։ Կոլոնտայի մոտ գաղափարի հիմքերը գալիս են նրանից, որ կնոջն իրավահավասար համարելը չի նշանակում նրան իրավահավասար դարձնել։ Ըստ Կոլոնտայի՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացումից զատ, առկա է սեռերի միջև հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն։ Կոլոնտայը կարծում էր, որ կապիտալիզմը և Հոկտեմբերյան հեղափոխությունը եղել են անհրաժեշտ պայմաններ՝ ամբողջ աշխարհում նոր կնոջ կերպարի ստեղծման և զարգացման համար[1][2]։
Մինչ Կոլոնտայը նոր կնոջ կերպարի մասին գրել են Ժորժ Սանդը, Հենրիկ Իբսենը, Նիկոլայ Չեռնիշևսկին և Իվան Տուրգենևը։ Այսպես, 1900 թվականին «Жизнь» ամսագրում հրապարակվել է Լեսյա Ուկրաինկայի «Նոր հնարավորություններ և հին ստվերներ» հոդվածը, որի ենթավերնագրերից մեկը կոչվում էր «Արևմտաեվրոպական բելետրիստիկայի նոր կինը»[3]։
Անգլալեզու գրականության մեջ նոր կնոջ վերաբերյալ առաջին հիշատակումները թվագրվում են Մարիա Էջուորտի «Բելինդա» նովելին (1801) և Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգի «Ավրորա Լի» վեպին (1856)։