Նան-Լուգարի ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
Սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագիր (անգլ.՝ Cooperative Threat Reduction Program, նաև Նան-Լուգարի ծրագիր սենատորներ Սեմյուել Նանի և Ռիչարդ Լուգարի պատվին), 1991 թվականի դեկտեմբերի 12-ից Ռուսաստանի և ԱՊՀ երկրների նկատմամբ DTRA-ի (ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքի նվազեցման գործակալության) մասնակցությամբ իրականացվող նախաձեռնություն։ Ծրագրի հայտարարված նպատակներն էին[1]՝
- միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի ոչնչացում,
- զենքի փոխադրումը, պահումը, շահագործումից հանումը և շահագործումը դրա ոչնչացման կապակցությամբ ապահովելը,
- զենքի տարածմանը խոչընդոտող հսկվող նախազգուշական միջոցների սահմանումը,
- սպառազինությունների ստեղծման ոլորտում փորձի և գիտելիքների անցանկալի օգտագործման կանխարգելումը,
- արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ապառազմականացման և ռազմական կարողությունների և տեխնոլոգիաների փոխակերպման գործընթացի ապահովում,
- ԱՄՆ-ի և ԱՊՀ երկրների միջև ռազմական հարցերի շուրջ շփումների ընդլայնում։
Ծրագրի շրջանակներում 1991-2012 թվականներին, ըստ ԱՄՆ-ի պաշտոնական տվյալների, հատկացվել է 8,79 մլրդ դոլար[2]։ Այդ գումարով Ռուսաստանին, Ուկրաինային, Ղազախստանին և Բելառուսին տրամադրվել են սարքավորումներ, ծառայություններ և խորհրդատվություն։ Նաև վերահսկողություն է իրականացվել ամերիկացի մասնագետների կողմից, որպեսզի հատկացվող սարքավորումներն ու տեխնոլոգիաներն օգտագործվեն միայն զենքի վերացման համար։
Ծրագրի քննադատները նշել են, որ ծրագրով հատկացվող միջոցների զգալի մասը ծախսվել է ամերիկացի կապալառուների և խորհրդատուների պատվերների վրա, իսկ ամերիկացի մասնագետները ստուգումների ընթացքում կարող էին ստանալ գաղտնի տեղեկատվության հասանելիություն[3]։