Նահդան Եգիպտոսում
From Wikipedia, the free encyclopedia
Նահդա (արաբերեն՝ النهضة՝ զարթոնք, վերածնունդ), մշակութային վերածնություն։ Նահդայի սկիզբը համարվում է 19-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում արաբական երկրներից տնտեսապես և մշակութային առումով առավել զարգացած էին Եգիպտոսը և Սիրիան։ Այստեղ ավելի էր զգացվում եվրոպական ազդեցությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եգիպտոսը պետություն է Աֆրիկա մայրցամաքի հյուսիսում։ Այստեղ հազարրամյակներ առաջ ստեղծվել են առաջին պետությունները, ձևավորվել է հնագույն քաղաքակրթություն։ Ավելի քան վեց հազարամյա պատմության ընթացքում երկիրն անցել է զարգացման տարբեր փուլեր, որոնք կապված էին նաև օտար նվաճումների հետ։ Մ.թ.ա. 6-րդ դարում Եգիպտոսը նվաճվել է Աքեմենյան պետության, մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, ապա՝ Սելևկյանների, մ.թ.ա. 1-ին դարում՝ Հռոմեական կայսրության կողմից։ Հռոմեա-բյուզանդական տիրապետությունը տևում է 700 տարի՝ մինչև արաբական արշաավանքները։ 7–րդ դարից սկսած Եգիպտոսը դառնում է իսլամական պետություն, գերիշխող է դառնում արաբերեն լեզուն ու արաբական մշակույթը։ Այն համարվում է արաբական հանրապետություն՝ մի երկիր, որի բնակչությունը (ավելի քան 80 միլիոն) խոսում է սեփական արաբական բարբառով։
Արաբական Եգիպտոսը 16-18-րդ դարերում գտնվել է Օսմանյան կայսրության կազմում՝ որպես նրա նահանգ-վիլայեթ։ Այն անկախ պետությունից վերածվել էր Օսմանյան կայսրության մի նահանգի։ Սա բնականաբար չէր կարող չազդել նրա մշակութային կյանքի վրա։ Թուրքերի օրոք արաբերենը կորցրել էր պետական լեզվի իր դերը, չնայած շարունակվում էր լայնորեն կիրառվել թե Եգիպտոսում, և թե հենց Թուրքիայում։ Արաբների շրջանում գիտությունն անկում էր ապրում։ Մի շարք գիտական նվաճումներ, ինչպիսիք էին օրինակ Գյուտենբերգի տպագրական մեքենան, երկրի ձվաձևության մասին տվյալները, Կոպեռնիկոսի հայտնագործությունը և այլն, ուղղակի անհայտ էին մնում արաբներին մինչև 18-19-րդ դարերը։
1798 թվականի ամռանը, Ալեքսանդրիայում տեղակայելով իր զորքերը, Նապոլեոն Բոնապարտը եգիպտական բնակչությանը դիմեց արաբերեն մի ուղերձով, որտեղ խոսվում էր բոլոր մարդկանց միջև անկախ կրոնական պատկանելության հավասարության մասին։ Բոնապարտի զգուշավոր խոսքը ալ-Ազհարի մզկիթի մտավորականների վերաբերյալ, նրան չօգնեց վայելել վերջիններիս համակրանքն ու վստահությունը։ Երեք ամիս անց կրկին ապստամբություն ծագեց։ Ապստամբության օջախը դարձավ հենց ալ-Ազհարի մզկիթը։ Ճիշտ է, Բոնապարտի խոստացած հավասարությունը իրականություն չդարձավ, այդուհանդերձ հենց ֆրանսիացիների միջոցով եգիպտացիները ծանոթացան եվրոպական տեխնիկային, հատկապես զինվորական գործին, տպագրությանը, թերթերին, նոր ոճով և ոգով գործող դպրոցներին։ Նրա օրոք բացվեց առաջին տպարանը։
Ռեֆորմներն իրականացրեց Մուհամմադ Ալին։ Նա ստեղծեց կայուն նավատորմ, մշտական բանակ, զարգացրեց արտադրությունը, վերակազմավորեց պետական ապարատը։ Ռեֆորմներն իրականացնելիս Ալին ձգտում էր օգտագործել եվրոպական գիտությունների և տեխնիկայի ձեռքբերումները, ինչն էլ Եգիպտոսի համար հայտնի դարձրեց այս նոր գաղափարներն ու նվաճումները։ Եգիպտոսում առաջին անգամ բացվեցին հանրակրթական դպրոցներ։ Բացի դրանից բացվեցին նաև հատուկ բժշկական, տեխնիկական և զինվորական դպրոցներ՝ հետևելով եվրոպական օրինակին։ Որպես կանոն այնտեղ դասավանդում էին արտասահմանցիներ՝ ֆրանսիացիներ, անգլիացիներ, իտալացիներ։
Եգիպտոսում ծավալվեց նաև թարգմանչական աշխատանք։ Հիմնականում ֆրանսերենից արաբերեն էին թարգմանվում բազմաթիվ դասագրքեր։ Թարգմանչական գործի զարգացման մեջ մեծ դեր ունեցավ 1835 թվականին ստեղծված բյուրոն, հետագայում այն անվանվեց օտար լեզուների դպրոց։ Այս հաստատությանը պատկանում են ավելի քան 2000 թարգմանված աշխատանքներ, որոնք տպագրվում են 1821 թվականին Ալիի կողմից ստեղծված տպագրատանը։
Եգիպտոսի փաշան շուտով սկսում է երիտասարդ եգիպտացիներին ուղարկել Եվրոպա՝ գլխավորապես՝ Ֆրանսիա, ուսումնասիրելու բժշկություն, զինվորական գործ, իրավունք և այլն։ Երիտասարդների առաջին մեծ խումբը Եվրոպա ուղարկվեց 1826 թվականին՝ Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուիի գլխավորությամբ։ Ռեֆորմների արդյունքում Եգիպտոսում ավելի վաղ, քան Օսմանյան կայսրության մյուս նահանգներում, տեղի ունեցավ մշակույթների սինթեզում։ Եգիպտոսին առաջին հերթին պետք էին ռազմական և տեխնիկական գիտելիքներ։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ 1826 թվականին Ֆրանսիա ուղարկված անդամներից 11-ը ուսումնասիրում էին ռազմական գործ, դիվանագիտություն և կառավարում, 2-ը բժշկություն, 8-ը ծովային և ինժեներական գործ։ Նրանցից քչերն էին ուսումնասիրում մշակույթ և արվեստ։
Նապոլեոնի արշավանքից, այնուհետև Մուհամմադ Ալիի իրականացրած ռեֆորմներից հետո երկիրը թևակոխեց տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման մի նոր շրջան, որը ստացավ նահդա անվանումը։ Նահդա նշանակում է զարթոնք, վերածնունդ։ Նահդայի գաղափարները դեպի վերածնունդ տանող գլխավոր ճանապարհը տեսնում էին ժողովրդի մշակութային հետամնացության վերացման մեջ։