Յակոբ Ֆուգգեր
From Wikipedia, the free encyclopedia
Յակոբ Ֆուգգեր-կրտսեր (գերմ.՝ Jakob Fugger, Հարուստ մականունով գերմ.՝ Jacob Fugger der Reiche, մարտի 6, 1459, Աուգսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 30, 1525, Աուգսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), աուգսբուրգյան բանկիր և վաճառական, Ֆուգգերների աուգսբուրգերական առևտրաբանկային տան ղեկավար, իր ժամանակի Եվրոպայի ամենահարուստ մարդը։ Առաջինն է, ով առևտրաֆինանսական գործեր է վարել ողջ Եվրոպայում, Հունգարիայից և Լեհաստանից մինչև Մադրիդ և Լիսաբոն, Հոլանդիայից մինչև Նեապոլ։ 1511 թվականի մայիսին անցել է ազնվականության շարքերը։ Նրա հիշատակը հավերժացել է Վալհալլայում։ Աուգսբուրգում նրա անունն է կրում է Ֆուգգերայ թաղամասը։
Յակոբ Ֆուգգեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1459 |
Ծննդավայր | Աուգսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1525 (66 տարեկան) |
Մահվան վայր | Աուգսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Ֆուգգեր մատուռ |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրոն | լատինական եկեղեցի |
Մասնագիտություն | բանկիր, վաճառական և ձեռնարկատեր |
Ամուսին | Սիբիլլա Ֆուգգեր[1] |
Ծնողներ | հայր՝ Յակոբ Ֆուգգեր ավագ, մայր՝ Բարբարա Ֆուգգեր |
Jacob Fugger Վիքիպահեստում |
Ընտանիքի հարստությունը հիմնականում ստեղծվել է Իտալիայի հետ տեքստիլի առևտրի միջոցով։ Ընկերությունն արագ զարգացել է այն բանից հետո, երբ Ուլրիխ, Գեորգ և Յակոբ եղբայրները սկսել են բանկային գործարքներ կատարել Հաբսբուրգների տան, ինչպես նաև Հռոմեական Կուրիայի հետ, և միևնույն ժամանակ սկսեց հանքարդյունաբերական գործունեությունը Տիրոլում, իսկ 1493 թվականից՝ Բոհեմիայի և Հունգարիայի թագավորություններ արծաթի և պղնձի արդյունահանմամբ։
1487 թվականից հետո Յակոբ Ֆուգգերը դե ֆակտո ղեկավարել է Ֆուգգերների բիզնես գործառնությունները, որոնք շուտով գրեթե մենաշնորհային դիրք են ունեցել եվրոպական պղնձի շուկայում[2]։ Հունգարիայից պղինձը Անտվերպենով տեղափոխվել է Լիսաբոն, այնտեղից էլ առաքվել Հնդկաստան։ Յակոբ Ֆուգերը նաև նպաստել է գերմանացի վաճառականների հետ համագործակցությամբ դեպի Հնդկաստան առաջին և միակ առևտրային արշավախմբին, դեպի հնդկական արևմտյան ափ՝ պորտուգալական նավատորմին (1505–1506), ինչպես նաև 1525 թվականի ձախողված իսպանական առևտրային արշավախմբին դեպի Մոլուքյան կղզիներ։
Հաբսբուրգների դինաստիայի աջակցությամբ, նա որոշիչ ազդեցություն է ունեցել այն ժամանակվա եվրոպական քաղաքականության վրա, ֆինանսավորել է Մաքսիմիլիան I-ի վերելքը և զգալի ներդրում է կատարել Իսպանիայի թագավոր Կառլոս V կայսր ընտրվելու համար՝ դառնալու Սուրբ Հռոմի կայսր։ Յակոբ Ֆուգգերը նաև ֆինանսավորել է ամուսնություններ, որոնք հետագայում հանգեցրել են նրան, որ Հաբսբուրգների տունը ձեռք է բերել Բոհեմիայի և Հունգարիայի թագավորությունները։
Յակոբ Ֆուգգերն իր ժառանգությունն ու մնայուն համբավն ապահովել է Աուգսբուրգի իր հիմնադրամների միջոցով։ Նրա կողմից ֆինանսավորվող և 1509-1512 թվականներին կառուցված մատուռը Գերմանիայի առաջին վերածննդի շենքն է, որտեղ գտնվում են Ուլրիխ, Գեորգ և Յակոբ եղբայրների գերեզմանները։ 1521 թվականին Յակոբի հիմնադրած Fuggerei-ը աշխարհի ամենահին սոցիալական բնակարանային համալիրն է, որը դեռ օգտագործվում է։ Աուգսբուրգի Fuggerhäuser-ի մի մասը կազմող Դամենհոֆը (Damenhof), Գերմանիայում առաջին աշխարհիկ վերածննդի շենքն է և կառուցվել է 1515 թվականին։
1525 թվականի դեկտեմբերի 30-ին իր մահից հետո Յակոբ Ֆուգգերը իր եղբորորդուն՝ Անտոն Ֆուգգերին է կտակել ընկերության ակտիվները՝ ընդհանուր 2,032,652 գուլդեն[3]։ Նա ամենահայտնի գերմանացիներից է և, հավանաբար, Աուգսբուրգի ամենահայտնի քաղաքացին․ իր հարստությամբ վաստակել է «Fugger the Rich» անվանումը[4]։ 1967 թվականին նրա կիսանդրին տեղադրվել է Վալհալլայում՝ Ռեգենսբուրգի մերձակայքում գտնվող «փառքի սրահում»։