Մռայլ նկարներ
Ֆրանցիսկո Գոյայի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Մռայլ նկարներ (իսպ.՝ Pinturas negras, 1819-1823), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի` 14 ֆրեսկոներից բաղկացած նկարաշար։ Ստեղծված է ալսեկո (իսպ.՝ al secco) տեխնիկայով (արված է պատին թաց սվաղով)։ Նկարաշարը ստեղծվել է նկարչի տան պատերի համար, որը Գոյան ձեռք է բերել 1819 թվականի փետրվարին։ Տունն ունեցել է հետաքրքիր անվանում` «Խուլի տուն», որը ստացել է նախկին տանտիրոջ ժամանակ, ով հավանաբար տառապել է խլությունից։ Ֆրեսկոները 1874 թվականից տեղափոխվել են կտավի վրա։ Ներկայումս պահվում են Մադրիդի Պրադո թանգարանում։
Նկարաշարը, որին Գոյան անուն չի տվել, կատալոգում հայտնվել է 1828 թվականին մեկ այլ նկարչի` Անտոնիո Բրուգադայի ջանքերով[1]։ Այն ներառում է հետևյալ նկարները.
- «Ատրոպոս» կամ «Ճակատագիր»
- «Երկու ծերուկներ» կամ «Ծերունին ու քահանան»
- «Երկու ծերունի ապուր են ուտում»
- «Մահակներով մենամարտ»
- «Վհուկների խրախճանքը»
- «Կարդացող տղամարդիկ»
- «Հուդիթ և Օլոֆերն»
- «Փառատոն Սան Իսիդրոյում»
- «Ծիծաղող կանայք»
- «Ուխտագնացություն Սան Իսիդրո»
- «Շունը»
- «Սատուրնը որդուն հոշոտելիս»
- «Դոնյա Լեոկադիա Սորիլիա»
- «Ասմոդեյ» կամ «Ֆանտաստիկ տեսարաններ»
1823 թվականին Գոյայի տունը պատերի նկարներով դառնում է նրա թոռան` Մարիանո Գոյայի սեփականությունը. դրանով Գոյան առաջին հերթին փորձել է պահպանել իր գույքը բացարձակ միապետության վերականգնումից և Ֆերդինանդ VII-ի կողմից սկսված ռեպրեսիաներից հետո` վախենալով ունեցվածքի բռնագրավումից։ Իրենց ստեղծումից մոտ 50 տարի անց «Մռայլ նկարները» դեռևս անծանոթ էին լայն հասարակությանը (բացառությամբ մի քանի մասնագետների, ինչպես նկարագրում է Շառլ Իրիատրեն)[2]։ 1874 թվականին Սալվադոր Մարտինես Կուբելսը ֆրանսիացի բանկիր Ֆրեդերիկ Էմիլ դ՛Էրլանգերի խնդրանքով սկսում է նկարներն անցկացնել կտավի վրա[3]։ Այս գործընթացը տևում է մի քանի տարի։ Դ՛Էրլանգերը մտադրված էր նկարները վաճառել Փարիզում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսում, սակայն 1881 թվականին նա դրանք նվիրում է Պրադո թանգարանին, որտեղ էլ ցուցադրվում են այժմ։