Միզագոյացում
From Wikipedia, the free encyclopedia
Միզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև, որոնք ֆիլտրի դեր են կատարում։ Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է, քան մարմնի մյուս մազանոթներում, որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է, և պատիճի խոռոչի մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով, բացի սպիտակուցներից։ Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ։ Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ։ Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ։ Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ։ Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշները՝ մասնակի, իսկ երրորդները (օրինակ միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում։ Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը, որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ։ Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր, ներկեր և այլն։ Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96 %-ը ջուր է, իսկ 4 %-ը չոր նյութ։ Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութ, միզաթթու, ֆոսֆատներ և ուրիշ նյութեր։
Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը։ Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ։
Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում։ Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ։