Մեքսիկական հեղափոխություն (1910-1917)
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկական հեղափոխություն (իսպ.՝ Revolución mexicana), լայնամասշտաբ զինված ապստամբություն Մեքսիկայում։
Սկսվել է 1910 թվականի նոյեմբերին՝ գահընկեց անելով նախագահ Պորֆիրիո Դիասի (1876-1911) վարչակարգը։ Իշխանության գլուխ անցավ ազգային կառավարությունը՝ նախագահ Ֆրանսիսկո Մադերոյի գլխավորությամբ (1911-1913)։ 1913 թվականին երկրում հաստատվեց հակահեղափոխական վարչակարգ՝ Վիկտորիանո Ուերայի։ Մեքսիկական հեղափոխության ընթացքում ծավալվեց գյուղացիական պատերազմ էմիլիանո Սապատայի և Ֆրանսիսկո Վիլյայի («Պանչո») առաջնորդությամբ, որոնց նպատակն էր իրագործել դեռևս Բենիտո Խուարեսի հռչակած ագրարային ռեֆորմը։ 1913 թվականին Սապատայի բանակն իր իշխանությունը հաստատեց հարավային 6 նահանգներում, բռնագրավեց լատիֆունդիաները և բաժանեց գյուղացիներին, երկրի հյուսիսում հողի համար հաջողությամբ պայքարում էր Վիլյան։ Իշխող վարչակարգի դեմ պայքարում էին նաև լիբերալ կալվածատերերը և բուրժուազիան՝ Վենուստիանո Կաուսնսայի ղեկավարությամբ։
1914 թվականին իշխանության գլուխ անցավ Վենուստիանո Կառանսայի կառավարությունը (1914-1920)։ Երկրում սկսված քաղաքացիական պատերազմում Սապատայի և Վիլյայի զորքերը պարտվեցին։ ԱՄՆ-ի կառավարությունը 1914 թվականին իր զորքերը մտցրեց Մեքսիկա, գրավեց Վերակրուս քաղաքը, 1916 թվականին՝ երկրի հյուսիսային մասը։ Սակայն նրանց դեմ ծագած շարժումը ստիպեց հեռանալ երկրից։ Հեղափոխությունն ավարտվեց 1917 թվականին հրավիրված Սահմանադիր ժողովով, այն ընդունեց իր ժամանակի համար առաջադեմ սահմանադրություն, որով նախադրյալներ էին ստեղծվում ագրարային ռեֆորմի իրականացման, Մեքսիկայում կապիտալիզմի զարգացման, ինչպես նաև օտարերկրյա մոնոպոլիաների դեմ պայքարի համար։