Մենթորություն
From Wikipedia, the free encyclopedia
Մենթորություն (անգլ.՝ Mentorship), փոխհարաբերություն, որի ժամանակ ավելի փորձառու և գիտակ մարդը օգնում և ուղղորդում է ավելի քիչ փորձառու կամ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդուն։ Ուղղորդողը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի երիտասարդ, քան այն մարդը, ում նա ուսուցանում է, բայց պետք է լինի կայացած մասնագետ իր մասնագիտական ոլորտում[1]։ Մենթորությունն ուսուցման ու զարգացման համագործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը։ Մենթորը պետք է պատրաստ լինի փոխանցել իր փորձը, գիտելիքները և հմտությունները և խթանի այն անհատների հոգեբանական, մտավոր և մասնագիտական զարգացումը, ովքեր համարվում են իրենց հովանավորյալները՝ մենթիները։ Մենթին (protégé/սան) էլ իր հերթին պետք է ջանք չխնայի լավագույն արդյունք ապահովելու և իր ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու համար։ Մենթորին անվանում են նաև կնքահայր/կնքամայր[2] կամ վարդապետ (ռաբբի)[3]։