Մեգապոլիս
From Wikipedia, the free encyclopedia
Մեգապոլիս կամ մետրոպոլիս (հունարենից՝ μεγας, μεγαλου - «մեծ» և πολης - «քաղաք»), բնակեցման ամենամեծ տեսակն է, որը առաջանում է շատ հարևան քաղաքային ագլոմերացիաների կցաճումից[1]։ Մեգապոլիսը խիստ ուրբանիզացված և տարերայնորեն կազմվող քաղաքային բնակեցման տեսակ է որոշ բարձր զարգացված երկրներում։ Տերմինը ծագում է հին հունական Մեգալոպոլ քաղաքի անվանումից, որը առաջացել է ավելի քան 35 բնակավայրերի միավորումից Արկադիա շրջանում։
Մեգապոլիսը քաղաքների վիթխարի կուտակում է։ Արդի Մեգալոպոլիսների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա, կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կառուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը։ Առաջին անգամ Մեգալոպոլիս է անվանվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ծովեզերքի երկայնքով 1000 կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ-տեղ՝ մինչև 200 կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի ագլոմերացիաներից, ինչպես նաև շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն)։
Քաղաքային առավել խոշոր ագլոմերացիային պատկանող մեծ քաղաքը, որը չի համարվում տվյալ ագլոմերացիայի վարչական կենտրոն, սովորաբար համարվում է ոչ թե մեգապոլիս, այլ դրա մի մաս։ Սովորաբար «մեգապոլիս» բառը (որն օգտագործվում է միջազգային մակարդակում որպես բացարձակ հասկացություն) նաև կիրառվում է հարաբերականորեն, որպեսզի ցույց տրվի շրջակա միջավայրի (այլ քաղաքների) հետ քաղաքի կապը, օրինակ Ռեյկյավիկը հաճախ անվանում են ամենահյուսիսային մեգապոլիս։ Իրականում այն հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը (124 հազար բնակչությամբ)։
Մեգապոլիսը իր բնակիչներին առաջարկում է բոլոր ծառայությունները, ի տարբերություն այլ բնակեցված վայրերի (ինչպիսիք են գաղութը, գյուղը, քաղաքը)։ Իր հերթին, տնտեսական գործունեության տարբեր ձևերում, որոնք այստեղ իրականացվում են, գոյություն ունի բարդության առավել բարձր մակարդակ։ Մեգապոլիսի ձևավորումը հանդիսանում է առավել ուսումնասիրված քաղաքային խնդիր, քանի որ այդ քաղաքային բնակավայրերում են առաջանում բոլոր հնարավոր խնդիրները (քանի որ հնարավոր չի վերահսկել այդպիսի մեծ տարածքները), որոնք սովորաբար բաժանում են այդ ագլոմերացիաները։ Խնդիրների շարքում կարող են առանձնացվել հետևյալները․
- Գործազրկություն
- Աղքատություն
- Որոշ շրջաններում ծառայությունների տրամադրման համար ենթակառուցվածքների խափանում կամ բացակայություն
- Էկոլոգիական խնդիրներ
- Սոցիալական կոնֆլիկտների աճ