Մարսեցին (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Մարսեցին», 2015 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանել է Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Մեթ Դեյմոնը։ Ֆիլմը հիմնված է Էնդի Ուիրի 2011 թվականին լույս տեսած «Մարսեցին» վեպի վրա, որն էկրանավորել է Դրյու Գոդդարդը։ Դեյմոնը խաղում է մի տիեզերագնացի դեր, ով, համարվելով մահացած, միայնակ է մնում Մարսում։ Ֆիլմում նկարագրվում է ողջ մնալու նրա պայքարը և մյուսների թափած ջանքերը՝ նրան փրկելու համար։ Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են եկել նաև Ջեսիկա Չեսթեյնը, Քրիստեն Ուիգը, Ջեֆֆ Դենիելսը, Մայքլ Փենյան, Քեյթ Մառան, Շոն Բինը, Սեբաստիան Սթենը, Էքսել Հեննին, և Չիվեթել Էջիոֆորը։
2013 թվականի մարտին 20th Century Fox-ի կողմից վեպի ընտրությունից հետո պրոդյուսեր Սայմոն Քինբերգը սկսեց ֆիլմի աշխատանքները։ Գոդդարդը գիրքն ադապտացրեց սցենարի և որոշված էր, որ հենց ինքն էլ լինելու է ռեժիսորը, սակայն ֆիլմն առաջ չէր գնում։ Սքոթը հեռացրեց Գոդդարդին և նրա փոխարեն ընդունելով Դեյմոնին՝ նաև որպես գլխավոր հերոս, արտադրությունն առաջ գնաց։ Նկարահանումները սկսեցին 2014 թվականի նոյեմբերին և տևեցին մոտավորապես 70 օր։ 20 նկարահանումներ տեղի են ունացել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի ձայնային դահլիճում, որն աշխարհում ամենամեծերից է։ Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Հորդանանի Վադի Ռամ անապատում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում։ 20th Century Fox-ը ֆիլմը Միացյալ Նահանգների կինոթատրոնների էկրաններ բարձրացրեց 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այն թողարկվեց 2D, 3D, IMAX 3D և 4DX ձևաչափերով[20]։
Ֆիլմը ստացավ դրական կարծիքներ և ողջ աշխարհում հավաքեց մոտավորապես 629 միլիոն դոլար շահույթ՝ դառնալով Սքոթի առաջին և 2015 թվականի տասներորդ ամենաշահութաբեր ֆիլմը[21]։ Քննադատները նշեցին այն հանգամանքը, որ ֆիլմարտադրողներին հաջողվել է մատուցել գիտական մանրուքներով ծանրաբեռնված սցենարը ժամանցային կատակերգության հետ համատեղ։ Բարձր գնահատվեց Մեթ Դեյմոնի դերասանական խաղը և հատուկ էֆեկտների ստեղծող խմբի աշխատանքը։ Մասնագետները խնդիրներ նկատեցին կապված դեպքերի գիտական հաստատման հետ։
Լավագույն երաժշտական կամ կատակերգական կինոնկար անվակարգում այն ստացավ Ոսկե գլոբուս, ինչպես նաև առաջադրվեց Ակադեմիական մրցանակաբաշխությունում՝ Լավագույն կինոնկար և Լավագույն ադապտացված սցենար կատեգորիաներում։ Իր խաղի համար Դեյմոնը ստացավ մի քանի անվանակարգեր՝ ներառյալ Օսկար լավագույն դերասանի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ գլխավոր դերի համար, Քննադատների ընտրության մրցանակ լավագույն դերասանի համար և ստացավ Ոսկե գլոբուս լավագույն դերասանի համար՝ կատակերգությունում կամ մյուզիքլում։