Մասնակից:Tatev99/Ավազարկղ34
From Wikipedia, the free encyclopedia
1Malaysia Development Berhad սկանդալ, որը հաճախ կոչվում է 1MDB սկանդալ կամ պարզապես 1MDB, շարունակական կոռուպցիայի, կաշառակերության և փողերի լվացման դավադրություն է, որի ընթացքում Մալայզիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը` «1Malaysia Development Berhad (1MDB)» համակարգված կերպով յուրացվել է, իսկ ակտիվները գլոբալ կերպով ուղղվել են սխեմայի հեղինակներին[1]։ Թեև սկանդալը սկսվել է 2009 թվականին Մալայզիայում, սկանդալի գլոբալ շրջանակը ազդել է քաղաքականության, բանկային և զվարճանքի ոլորտների հաստատությունների և անհատների վրա և հանգեցրել է քրեական հետաքննության մի շարք երկրներում: «1MDB»-ի սկանդալը որակվել է որպես «աշխարհի ամենամեծ ֆինանսական սկանդալներից մեկը»[2][3] և 2016 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հայտարարվել է «մինչ այժմ ամենամեծ կլեպտոկրատիայի դեպքը»[4]։
2015 թվականի փաստաթղթերի արտահոսքը, որը հաղորդվել է «The Edge», «Sarawak Report» և «The Wall Street Journal» թերթերում, ցույց է տվել, որ Մալայզիայի այն ժամանակվա վարչապետ Նաջիբ Ռազակը իր անձնական բանկային հաշիվներին փոխանցել է ավելի քան 2,67 միլիարդ ռինգգիտ (RM) (մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլար) «1MDB»-ից, որը պետական ռազմավարական ընկերություն է[5]: Սխեմայի ենթադրյալ կազմակերպիչ Ջհո Լոուն կենտրոնական դեր է խաղացել «1MDB»-ի միջոցներն աշխարհով մեկ «shell» ընկերությունների և օֆշորային բանկային հաշիվների միջոցով տեղափոխելու գործում: 2018 թվականի դրությամբ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզել է, որ Լոուն և այլ դավադիրներ, ներառյալ Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները, ավելի քան 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար են փոխանցել «1MDB»-ից[6]։ Դրանք օգտագործվել են շքեղ ապրանքներ և անշարժ գույք ձեռք բերելու համար, ներառյալ «Equanimity» սուպերզբոսանավը, ինչպես նաև ֆինանսավորել ամերիկյան «Red Granite Pictures» կինոընկերությանը, ինչպես նաև «The Wolf of Wall Street»-ի և այլ ֆիլմերի արտադրությունը[7]։ «1MDB»-ի միջոցները Լոուի, Նաջիբի և նրա կնոջ՝ Ռոսմահ Մանսորի համար ապահովեցին ճոխ ապրելակերպ և Հոլիվուդում տեղավորեցին Նաջիբի խորթ որդի Ռըզա Ազիզին: Փորձեր եղան նաև ուղղել յուրացված միջոցները ԱՄՆ-ում քաղաքական նվիրատվությունների և լոբբինգի համար[8]։
Բացահայտումները մեծ քաղաքական սկանդալ դարձան Մալայզիայում՝ առաջացնելով բողոքի ցույցեր և հակազդեցություն: Մալայզիայում մի քանի հետաքննություն սկսելուց հետո Նաջիբը պատասխանեց՝ հեռացնելով իր քննադատներից մի քանիսին կառավարական պաշտոններից, այդ թվում՝ իր տեղակալ Մուհիդդին Յասինին և գլխավոր դատախազ Աբդուլ Գանի Պատայլին: Նաջիբի դեմ մեղադրանքները հետագայում հանվեցին[9]։ Նաջիբի քննադատների թվում էր նախկին դաշնակից և Մալայզիայի չորրորդ վարչապետ Մահաթիր Մոհամադը[10], ով նախագահում էր «Մալայզիայի քաղաքացիների հռչակագիրը»՝ համախմբելով քաղաքական գործիչներին և այլ կազմակերպություններին՝ Նաջիբ Ռազակի հրաժարականի կամ հեռացման կոչերի համար: Մալայզիայի կառավարիչների կոնֆերանսը կոչ է արել անհապաղ հետաքննել սկանդալը՝ նշելով, որ այն Մալազիայում վստահության ճգնաժամ է առաջացրել[11][12]:
Մալայզիայից դուրս 1MDB-ի հետ կապված ֆինանսական և հանցավոր գործունեության վերաբերյալ հետաքննություններ են սկսվել առնվազն վեց երկրներում[7]: Համաձայն իր հրապարակայնորեն ներկայացված հաշիվների՝ «1MDB»-ն մինչև 2015 թվականն ուներ մոտ 42 միլիարդ ռինգգիտ (11,73 միլիարդ ԱՄՆ դոլար) պարտք[13]: Այս պարտքի մի մասը առաջացել է 2013 թվականին պետական երաշխավորված պարտատոմսերի թողարկումից, որը գլխավորում էր ամերիկյան ներդրումային «Goldman Sachs» բանկը, որը հաղորդվում էր, որ գործարքի համար ստացել է մինչև 300 միլիոն դոլար վճարներ, թեև բանկը վիճարկում է այս թիվը[14]: Այնուամենայնիվ, «Goldman Sachs»-ին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի համաձայն և համաձայնվել է վճարել ավելի քան 2,9 միլիարդ դոլար՝ որպես ԱՄՆ Արդարադատության նախարարության (DOJ) հետ համաձայնության մի մաս[15]: Ամերիկացի ռեփեր Պրասը, «Goldman Sachs»-ի նախկին նախագահ Թիմ Լեյսները և Էլիոթ Բրոիդին «1MDB»-ի հետ կապված ԱՄՆ-ում մեղադրվողների թվում էին:
2018 թվականի ընտրություններից հետո նորընտիր վարչապետ Մահաթիր Մոհամադը վերսկսել է սկանդալի հետաքննությունը Մալայզիայում[16]: Մալայզիայի ներգաղթի վարչությունն արգելել է Նաջիբին[17] ևս 11 հոգու[18] լքել երկիրը, իսկ ոստիկանությունը 270 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 500 պայուսակ և 12,000 զարդեր է առգրավել Նաջիբի հետ կապված գույքից, որը Մալայզիայի պատմության մեջ ապրանքների ամենամեծ առգրավումն է[19]։ Ավելի ուշ Նաջիբին մեղադրանք է առաջադրվել վստահության խախտման, փողերի լվացման և իշխանության չարաշահման համար, մինչդեռ ենթադրյալ կազմակերպիչ Ջո Լոուն, որն այն ժամանակ միջազգային փախուստի մեջ էր, մեղադրվում էր փողերի լվացման մեջ[20]։ Այնուհետև Նաջիբը մեղավոր ճանաչվեց «SRC International»-ի՝ «1MDB» դուստր ձեռնարկության հետ կապված յոթ մեղադրանքներով և դատապարտվեց տասներկու տարվա ազատազրկման[21]։
2020 թվականի սեպտեմբերին «1MDB»-ից գողացված ենթադրյալ գումարը գնահատվում էր 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Մալայզիայի կառավարության զեկույցում նշվում էր, որ «1MDB»-ի չմարված պարտքերը կազմում են 7,8 միլիարդ ԱՄՆ դոլար[22]։ Կառավարությունը ստանձնեց «1MDB»-ի պարտքերը, ներառյալ 30 տարի ժամկետով պարտատոմսը, որը պետք է մարի 2039 թվականին[23]։ 2021 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգները վերականգնել և վերադարձրել է ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար 1MDB միջոցները, որոնք յուրացվել են իր իրավասության շրջանակներում[24]՝ միանալով այնպիսի երկրներին, ինչպիսիք են Սինգապուրը և մի քանի այլ երկրներ, որոնք նույնպես սկսել են վերադարձնել կամ արդեն վերադարձրել են ավելի փոքր գումարներ[25]։