Մասնակից:Rips0/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ազատության արձան, ( անգլ.՝ Statue of Liberty, լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը, անգլ.՝ Liberty Enlightening the World, ֆր.՝ La Liberté éclairant le monde), Նյու Յորքի Նյու Յորք նավահանգստի Ազատության կղզու վրա գտնվող նեոդասական ոճով կառուցված վիթխարի արձան է: Պղնձաձույլ արձանը, որը նվեր էր Ֆրանսիայի ժողովրդի կողմից ԱՄՆ ժողովրդին, նախագծվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդի կողմից, իսկ մետաղական հիմքը կառուցվել է Գուստավ էյֆելի կողմից: Այն հանձնվել է որպես նվեր ԱՄՆ-ին 1886 թվականի հոկտեմբերի 28-ին:
Ազատության արձանը քանդակված է Լիբերտասի՝ հռոմեական դիցաբանության ազատության աստվածուհու տեսքով, ով իր գլխավերևում՝ աջ ձեռքում, պահում է ջահը, իսկ կնոջ ձախ ձեռքում տաբուլա անսատան է՝ սալիկ, որի վրա հռոմեական թվերով՝ "JULY IV MDCCLXXVI", փորագրված է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4: Այս արձանը դարձել է ազատության և ԱՄՆ խորհրդանիշը, ինչպես նաև զբոսաշրջային հայտնի կենտրոններից մեկը: Այն արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար կարծես դիմավորող հյուրընկալ լինի:
Բարտոլդին ոգևշնչվել էր ֆրանսիացի իրավունքի պրոֆեսոր և քաղաքագետ Էդուարդ Ռենե դը Լաբուլեից, ով 1865 թվականին հայտարարել էր, որ ցանկացած հուշարձան, որը կկանգնեցվի ԱՄՆ անկախության ձեռք բերման պատվին, պետք է լինի ֆրանսիացի և ամերիկացի ժողովուրդների համատեղ նախագծի արդյունք: Ֆրանսիայում տիրող հետպատերազմյան անկայունության արդյունքում արձանի վրա տարվող աշխատանքները սկսվեցին միայն 1870-ական թվականների սկզբներին: 1875 թվականին Լաբուլեն առաջարկեց, որ Ֆրանսիան ֆինանսավորի արձանի կառուցումը, իսկ ԱՄՆ-ն պետք է որոշեր արձանի կանգնեցման վայրը և կառուցեր պատվանդանը: Մինչ արձանի վերջնական նախագծի հաստատումը Բարտոլդին արդեն ավարտին էր հասցրել գլխի և ջահակիր ձեռքի վրա տարվող աշխատանքները, և այդ հատվածները հրապարակայնորեն ցուցադրվել էին միջազգային ցուցահանդեսներում:
Ջահակիր ձեռքը ցուցադրվել է 1876 թվականին Ֆիլադեֆիայում անցկացված 100 ամյակի ցուցահանդեսի ժամանակ, ինչպես նաև 1876-1882 թվականներին Մանհեթենի Մեդիսոն Սքուեր այգում: Արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար իրականացվող դրամական միջոցների հայթհայթման գործընթացը, հատկապես ամերիկացիների մոտ, դանդաղ էր ընթանում: Մինչ 1885 թվականը դրամական միջոցների սղության պատճառով վտանգված էին նաև պատվանդանի կառուցման աշխատանքները: Նյու Յորք Ուորլդի հրատարակիչ Ջոզեֆ Պուլիցերը դրամահավաքի արշավ սկսեց անհրաժեշտ միջոցները ձեռք բերելու նպատակով, և կարողացավ այդ արշավի մեջ ներգրավել մոտ 120000 ներդրողի, որոնցից շատերը մեկ դոլարից էլ պակաս նվիրատվություն արեցին: Արձանը կառուցվել է Ֆրանսիայում, փայտե արկղներով ուղարկվեց, և մոնտաժվեց ու տեղադրվեց արդեն իսկ պատրաստ պատվանդանի վրա այն վայրում, որն այն ժամանակ կոչվում էր Բեդլոեի կղզի: Արձանի կառուցման աշխատանքների ավարտը նշանավորվեց Նյու Յորքի առաջին ժապավենների շքերթով (ticker-tape parade) և արձանին նվիրված արարողությամբ, որը նախագահում էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլիվլենդը:
Արձանը գտնվում էր ԱՄՆ փարոսի Խորհրդի վերահսկողության տակ մինչ 1901 թվականը, դրանից հետո՝ մինչ 1933 թվականը ԱՄՆ Ռազմական նախարարության վերահսկողության տակ, իսկ 1933 թվականից սկսած՝ ԱՄՆ ազգային այգիների ծառայության վերահսկողության տակ: Ջահի մոտ գտնվող պատշգամբի մուտքը այցելուների համար անվտանգության նկատառումներով փակ էր մինչև 1916 թվականը: