Մասնակից:O'micron/Ոսկե հորդա
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե հորդա (մոնղոլերեն` ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠶᠯᠤᠰ, տառադարձմամբ՝ «Ուլուգ ուլուս», թաթարերեն` Алтын Урда), հայտնի է նաև որպես Ջուչի ուլուս կամ Ղփչաղական խանություն, ժամանակի ընթացքում թյուրքականացված մոնղոլական խանություն, որը ստեղծվել է 13-րդ դարում՝ որպես Չինգիզ խանի կողմից հիմնադրված Մոնղոլական կայսրության հյուսիսարևմտյան տարածքների իրավահաջորդ։ Անկախ պետության կարգավիճակում պատմության ասպարեզ է դուրս եկել 1259 թվականին՝ Մոնղոլական կայսրության մասնատումից հետո։
Ոսկե հորդա 1240-ականներ – 1502 | ||||
Ուլուգ Ուլուս («Մեծ թագավորություն») ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠶᠯᠤᠰ | ||||
---|---|---|---|---|
| ||||
Ոսկե հորդայի սահմանները 1300 թվականին | ||||
Պետական կարգ | քոչվորական կայսրություն | |||
Մայրաքաղաք | Սարայ Բատու | |||
Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
Պետության գլուխ | Խան
| |||
Արքայատոհմ | Խանություն | |||
Լեզու | մոնղոլերեն, թյուրքերեն (մասնավորապես՝ ղփչաղերեն) | |||
Կրոն | շամանություն, ուղղափառություն (նաև՝ հայ առաքելական եկեղեցի), իսլամ, տիբեթական բուդդայականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Ուշմիջնադարյան ժամանակաշրջան | |||
Հասարակարգ | Ավատատիրություն | |||
Հիմնադրում | Մոնղոլական կայսրության տրոհման հետևանքով | |||
Հզորության գագաթնակետ | Մեծ Հորդայի ժամանակաշրջան | |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- 1240-ական թվականներ | Մոնղոլների ներխուժումը Կիևյան Ռուսիա | |||
- 1379 թվական | Կապույտ և Սպիտակ Հորդաների միավորում | |||
- 1466 թվական | Մեծ Հորդայի կազմալուծում | |||
- 1502 թվական | Ոսկե հորդայի վերջին մնացորդի՝ Ղրիմի խանության կորուստ | |||
Ներկայիս տարածքում | Ռուսաստան Ուկրաինա Ղազախստան Ուզբեկստան Տաջիկստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Ոսկե հորդան ձևավորվել է 1240-ական թվականներին՝ դեպի Կիևյան Ռուսիա Բաթու խանի նվաճողական արշավանքների արդյունքում։ Նրա մահից հետո, խանությունը շուրջ մեկ հարյուրամյակ շարունակականորեն ծաղկում է ապրում, մինչև 1359 թվականը։ Այնուամենայնիվ, այդ տարիների ընթացքում մոնղոլական ամենաարևմտյան ուլուսի կառավարիչ Նոգայի խանը կարողանում է երկրում հրահրել քաղաքացիական պատերազմ։ Ոսկե հորդան իր հզորության գագաթնակետին է հասնում Ուզբեկ (Սուլթան Մուհամմեդ Ուզբեկ) խանի կառավարման տարիներին՝ 1312-1341 թվականներին։ Վերջինիս օրոք մոնղոլական արքունիքը որպես պետական կրոն ընդունում է իսլամը։ Զարթոնքի շրջանում խանական իշխանությունը տարածվում էր արևմուտքում՝ ստորին Դանուբից և Ֆիննական ծոցից մինչև արևելք՝ Իրտիշի ավազանն ու ստորին Օբը, հարավում՝ Սև, Կասպից և Արալյան ծովերից ու Բալխաշ լճից մինչև հյուսիս՝ Նովգորոդյան երկիրը։ Բուն ռուսական հողերը չեն մտել Ոսկե հորդայի կազմում, սակայն ունեցել են վասալական կախում և հարկ են վճարել կայսերական գանձանակ։ Հարավում՝ խանության ափերը ողողում էին Սև ծովի ջրերը, ինչպես նաև արևելքից արևմուտք ձգվում Կովկասյան լեռները։ Առավել հարավ տարածվում էր Հուլավյան իլխանությունը։
15-րդ դարի սկզբերին կայսրությունը կտրուկ թուլանում է։ Միասնական իշխանության հիմքերը խարխլած ներքաղաքական պայքարը մոնղոլական տերությունում սկզբնավորվել էր դեռս 1359 թվականին, որը սակայն ժամանակավորապես ճնշվել էր Թոխթամիշ խանի կենտրոնաձիգ քաղաքականության արդյունքում։ 1396 թվականին Ոսկե հորդայի տարածքն ասպատակում են Լենկթեմուրի (Թամերլան) գլխավորած թուրքմենական հրոսակները, որի արդյունքում էլ երկիրը սկսում է մասնատվել։ Ի հայտ են գալիս բազմաթիվ ինքնիշխան խանություններ, որոնք միայն ձևականորեն էին ընդունում մոնղոլների խանի գերագահությունը և իրենց բնույթով թյուրքական իշխանություններ էին։ Արդեն 1466 թվականին, «Մեծ հորդան» իր իշխանությունը կրում էր զուտ անվանապես, քանզի հյուսիսում փաստացիորեն անկախ կարգավիճակում էին հայտնվել նաև ռուսական վասալ պետությունները։
1480 թվականին Ուգրա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում Մոսկվայի մեծ իշխանության բանակը՝ դաշնակիցների զորակցությամբ, փայլուն հաղթանակ է տոնում Ոսկե հորդայի նկատմամբ՝ այդկերպ թոթափելով հարյուրամյակներ տևած մոնղոլ-թաթարական լուծը։ Ոսկե հորդայի վերջին մնացորդները՝ Ղրիմի և Ղազախական խանությունները, գոյատևում են համապատասխանաբար մինչև 1783 և 1847 թվականները։