Մասնակից:O'micron/Ալեքսանդր Մակեդոնացի
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մակեդոնացի[Ն 1] (հին հունարեն՝ Ἀλέξανδρος[Ն 2] Γ' ὁ Μέγας, լատին․՝ Alexander III Magnus, հուլիսի 20, մ․թ․ա․ 356, Պելլա, Մակեդոնիա – հունիսի 10, մ․թ․ա․ 323, Բաբելոն), Մակեդոնիայի արքա Արգեադոսների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է հունամակեդոնական աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Արևելյան ավանդույթներում զուգակցվում է առասպելական Զհուլ ալ-Կարնայն թագավորի հետ։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը[1]։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մակեդոնացի
Ալեքսանդր Մեծ Ἀλέξανδρος ὁ Μέγας | ||||
Ալեքսանդր Մեծի պատկերը Պոմպեյ քաղաքից հայտաբերված խճանկարի վրա, որտեղ ներկայացված է Իսոսի ճակատամարտում վերջինիս պայքարնն ընդդեմ պարսից արքա Դարեհ III-ի | ||||
| ||||
---|---|---|---|---|
մ.թ.ա. 336 - մ.թ.ա. 323 | ||||
Նախորդող | Փիլիպոս II | |||
Հաջորդող | Ալեքսանդր IV Մակեդոնացի Փիլիպոս III Մակեդոնացի | |||
| ||||
մ.թ.ա. 332 - մ.թ.ա. 323 | ||||
Նախորդող | Դարեհ III | |||
Հաջորդող | Ալեքսանդր IV Մակեդոնացի Փիլիպոս III Մակեդոնացի | |||
| ||||
մ.թ.ա. 330 - մ.թ.ա. 323 | ||||
Նախորդող | Դարեհ III | |||
Հաջորդող | Ալեքսանդր IV Մակեդոնացի Փիլիպոս III Մակեդոնացի | |||
| ||||
մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 323 | ||||
Հաջորդող | Ալեքսանդր IV Մակեդոնացի Փիլիպոս III Մակեդոնացի | |||
Ազգություն | հույն, հին մակեդոնացի | |||
Դավանանք | հին հունական կրոն | |||
Ծննդյան օր | հուլիսի 20 (կամ 21), մ․թ․ա․ 356 | |||
Ծննդավայր | Պելլա, Մակեդոնական կայսրություն | |||
Վախճանի օր | հունիսի 10, մ․թ․ա․ 323 | |||
Վախճանի վայր | Բաբելոն, թաղված է Ալեքսանդրիայում, Եգիպտոս |
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում Աքեմենյան Պարսկաստանը։ Իսոսի ճակատամարտի հաղթանակից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավելով պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը՝ գահընկեց անելով «արքայից արքա» տիտղոսով հորջորջվող Դարեհ III Աքեմենյանին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակվում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից Ալեքսանդր Մեծը մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին մուտք է գործում Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով մեծ արքան ստիպված է լինում դադարեցնել առաջխաղացումն ու վերադառնալ Պարսք։
Ալեքսանդրն իր մահկանացուն է կնքում է մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները։ Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում են հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը է հանդիսանում։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ օրս կիրառական նշանակություն ունի։