Մասնակից:LilitBadalyan/Ավազարկղ 1
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի ֆորումը (լատին․՝ Forum Romanum, իտալ.՝ Foro Romano) ուղղանկյուն հրապարակ է Հռոմի կենտրոնում՝ շրջապատված որոշ նշանավոր հնադարյան կառավարական շինությունների ավերակներով: Հին քաղաքի բնակիչներն այս վայրն սկզբում հիշատակում էին որպես արևտրի հրապարակ՝ Forum Magnum կամ պարզապես Forum:
Պատկեր:Forum Romanum (16640231981).jpg | |
Պահպանվող կառույցներ | Տաբուլարիում, Հառաչանքների աստիճաններ, Սատուրնի տաճար, Վեսպասիանոսի և Տիտոսի տաճար, Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար, Կուրիա Յուլիա, Ռոստրա (ամբիոն), Էմիլիայի բազիլիկա, Հռոմի ֆորում, Յուլիայի բազիլիկա, Կեսարի տաճար, Ռեգիա, Կաստորի և Պոլուքսի տաճար, Վեստայի տաճար |
---|---|
Կայսերական կոմիցիում (հավաքատեղի) | Կուրիա Յուլիա, Օգոստոսի ամբիոն, Ումբիլիկուս Ուրբիս, Ոսկե անկյունաքար, Սև մարմար, Մաքսենտիոսի բազիլիկա |
Այն դարեր շարունակ եղել է Հռոմի հասարակական կյանքի կենտրոնը՝ Հռոմի հաղթական երթերի և ընտրությունների, հանրային ելույթների, Հռոմի քրեական դատավարությունների, գլադիատորական մրցույթների և առևտրային հարաբերությունների կենտրոնը: Այստեղ արձաններն ու հուշարձաններն անմահացնում էին քաղաքի անվանի մարդկանց: Հին Հռոմում այն համարվում էր ամենահայտնի հանդիպման վայրն աշխարհում ամբողջ պատմության ընթացքում:[1] Գտնվելով Պալատինում և Կապիտոլիում բլուրների միջև՝ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական բեկորներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են տարեկան ավելի քան 4.5 միլիոն այցելուների:[2]
Հին քաղաքի ամենահին և ամենանշանավոր կառույցները գտնվում էին ֆորումի մոտակայքում: Հռոմի թագավորության առաջին սրբատեղիներն ու տաճարները գտնվում էին հարավ-արևելյան հատվածում: Դրանք ներառում էին հնադարյան նախկին թագավորական նստավայրը՝ Ռեգիան (մ.թ.ա. 8-րդ դար), և Վեստայի տաճարը (մ.թ.ա 7-րդ դար), ինչպես նաև իր շուրջը գտնվող Վեստալուհիների տունը, որոնք բոլորը վերակառուցվել են Հռոմեական կայսրության հզորացումից հետո:
Հյուսիս-արևմուտքում են գտնվում այլ հինավուրց սրբատեղիներ, ինչպիսիք են Ումբիլիկուս Ուրբիսը (լատին․՝ Umbilicus Urbis)` Հռոմի պորտը, և Վուլկանալը (լատին․՝ Vulcanal)՝ Վուլկան աստծո սրբատեղին, որը կառուցվել է Հռոմի հանրապետության նախկին կոմիցիումում (հավաքատեղի, լատին․՝ Comitium): Այստեղ է ձևավորվել Հռոմի սենատը, ինչպես նաև հանրապետական կառավարությունը: Այս տարածքում աստիճանաբար հայտնվել են սենատը, կառավարական գրասենյակներ, տրիբունալներ, տաճարներ, հուշարձաններ և արձաններ:
Ժամանակի ընթացքում հնադարյան կոմիցիումը փոխարինվեց հարակից ավելի մեծ ֆորումով և դատական գործընթացները տեղափոխվեցին նորակառույց Էմիլիայի բազիլիկա (մ.թ.ա. 179 թվական): 130 տարի անց Հուլիոս Կեսարը կառուցեց Յուլիայի բազիլիկան, ինչպես նաև Կուրիա Յուլիան, որոնք ընդգրկում էին դատական մարմիններն ու սենատը: Այս նոր ֆորումն այն ժամանակ ծառայում էր որպես վերակենդանացած քաղաքի հրապարակ, որտեղ ավելի մեծ թվով հռոմեացիներ կարող էին հավաքվել ինչպես առևտրային և քաղաքական, այնպես էլ դատական և կրոնական գործերով:
Ի վերջո, տնտեսական և դատական գործերի մեծ մասը ֆորումից տեղափոխվեց հյուսիսում գտնվող ավելի ընդարձակ և ավելի շքեղ շինություններ՝ Տրայանոսի ֆորում և Ուլպիայի բազիլիկա: Կոնստանտինոս I-ի կառավարման օրոք կառուցվեց ֆորումի վերջին հսկայական շինությունը՝ Մաքսենտիոսի բազիլիկան (321 թվական): Դրանով ֆորումը կրկին դարձավ քաղաքական կենտրոն մինչև Արևմտյան հռոմեական կայսրության անկումը գրեթե 2 դար անց: