Մասնակից:Anahit Israyelyan/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Կարճ դիրք, զբաղեցնել կարճ դիրք ֆինանսներում նշանակում է կատարել այնպիսի ներդրում, երբ ներդրողը շահույթ է ստանում գների անկման պարագայում։ Սա առավել տարածված երկար դիրքի հակառակն է, երբ ներդրողը շահույթ է ստանում ակտիվի գնի բարձրացման դեպքում։
Կարճ դիրք զբաղեցնելու մի շարք եղանակներ կան։ Հիմնարար եղանակներից է այսպես կոչված «ֆիզիկապես» կարճ դիրք զբաղեցնելը, որը ենթադրում է փոխառությամբ ակտիվներ վերցնել (առավել հաճախ արժեթղթեր, օրինակ՝ բաժնետոմս կամ պարտատոմս) և դրանք վաճառել։ Հետագայում նեդրողը պետք է գնի նույն տեսակի ակտիվից վերադարձնելու այն փոխատուին։ Եթե այս ընթացքում ակտիվի գինը ընկնում է, ներդրողը իր նախկինում կատարած վաճառքի և այդ պահին կատարած գնման գների տարբերության չափով շահույթ է ապահովում։ Եվ հակառակը, եթե գները աճում են ներդրողը վնաս է կրում։ Սովորաբար փոխառուն ակտիվների փոխառության համար վճարում է փոխատուին (որը սովորաբար հաշվարկվում է որոշակի տոկոսով փոխառության ժամանակահատվածի համար․ նման է տոկոսների վճարմանը), ինչպես նաև հատուցում է բաց թողնված այնպիսի եկամուտները, ինչպիսին է դիվիդենդը, որը պետք է վճարվեր դրա տիրոջը փոխառության ժամանակահատվածում։
Կարճ դիրքը կարելի է նաև ձեռք բերել ֆյուչերսների, ֆորվարդների կամ օպցիոնների միջոցով, երբ ներդրողը ստանձնում է ակտիվը ապագա ամսաթվով վաճառելու պարտավորություն կամ իրավունք այն գնով, որն ամրագրված է պայմանագրի կնքման պահին: Եթե ակտիվի գինը նվազում է համաձայնեցված գնից, ապա ակտիվը կարող է գնվել ավելի ցածր գնով և միևնույն ժամանակ վաճառվել ֆորվարդային կամ օպցիոն պայմանագրում նշված ավելի բարձր գնով: Կարճ դիրք կարելի է զբաղեցնել նաև սվոփի միջոցով։
Քանի որ կարճ վաճառողը պարտավորություն է կրում փոխատուի առջև այն ժամանակ, երբ գինը բարձրանում է, և քանի որ կարճ վաճառքը սովորաբար իրականացնում է բրոքերի միջոցով, կարճ վաճառողից սովորաբար պահանջվում է մարժային վճարում կատարել բրոքերին որպես գրավ երաշխավորելու համար պարտավորության կատարումը, իսկ վնասների սահմանված չափը գերազանցելու պարագայում կարող է պահանջվել մարժային հաշվի համալրում։
Համանման կերպով ածանցյալ գործիքներով կարճ դիրք զբաղեցնելը ևս կարող է պահանջել մարժային վճարման կատարում: Մարժային հաշվի համալրումից հրաժարվելու դեպքում բրոքերը կամ գործընկերը կարող է փակել դիրքը:
Կարճ վաճառքը հատկապես տարածված պրակտիկա է պետական արժեթղթերի, ֆյուչերսների կամ արժույթների շուկաներում, որոնք բավարար չափով իրացվելի են:
Կարճ վաճառքը կարող է ունենալ տարբեր նպատակներ: Սպեկուլյատորները կարող են կարճ վաճառք անել՝ հույս ունենալով, որ գերարժևորված գործիքից շահույթ կստանան, ճիշտ այնպես, ինչպես երկար դիրք զբաղեցնող ներդրողներն ու սպեկուլյանտները հույս են ունենում շահույթ ստանալ թերագնահատված ակտիվի գնի բարձրացումից: Մյուս կողմից, թրեյդերները կամ ֆոնդի կառավարիչները կարող են օգտագործել կարճ դիրքերը հեջավորելու համար պորտֆելի որոշ ռիսկեր, որոնք առաջանում են երկար դիրքերից կամ այլ պատճառներից։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարճ վաճառքների արգելումը հանգեցնում է շուկայում ոչ արդյունավետ ու բացասական հետևանքների[1][2][3][4][5]։ Այնուամենայնիվ, այն հաճախ է դառնում հասարակության քննադատության առարկան[6]։