Մասնակից:ՌուզԱննա Գաբրիելյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ աթոռ (Holy See)[1][2], (լատին․՝ Sancta Sedes, la-x-church; իտալ.՝ Santa Sede [ˈsanta ˈsɛːde]), որը նաև կոչվում է Հռոմի աթոռ, Սուրբ Պետրոսի աթոռ կամ Առաքելական աթոռ[3], Հռոմի եպիսկոպոսի պաշտոնում Հռոմի պապի իրավասությունն է։ Այն ներառում է Հռոմի թեմի առաքելական եպիսկոպոսական աթոռը, որն ունի եկեղեցական իրավասություն համաշխարհային կաթոլիկ եկեղեցու վրա և ինքնիշխանություն քաղաք-պետություն Վատիկանի նկատմամբ[4]։ Որպես կաթոլիկ կեղեցու կառավարման բարձրագույն մարմին՝ Սուրբ աթոռը միջազգային իրավունքի համաձայն օգտվում է ինքնիշխան իրավաբանական անձի կարգավիճակից[5]։
Ըստ կաթոլիկ ավանդույթի և պատմական տվյալների՝ հիմնադրվել է առաջին դարում սուրբ Պետրոսի և Պողոսի կողմից, և Պետրոսի վարդապետությունների և պապական առաջնորդության ուժով այն ամբողջ աշխարհի կաթոլիկ քրիստոնյաների լայն հաղորդակցության կենտրոնն է[6]։ Սուրբ աթոռը գտնվում է և գործունեություն ծավալում Վատիկանում։ Այն ունի «բացարձակ տիրապետություն» Հռոմում գտնվող Վատիկանի անկախ պետական անկլավի վրա, որտեղ Հռոմի Պապն ինքնիշխան է[7]:
Սուրբ աթոռը կառավարվում է հռոմեական կուրիայի կողմից (լատիներեն՝ «Հռոմեական դատարան»), որը կաթոլիկ եկեղեցու կենտրոնական իշխանությունն է[8][9]։ Հռոմեական կուրիան ունի տարբեր բաժանմունքներ (dicasteries), որոնք կարելի է համեմատել նախարարությունների և գործադիր վարչությունների գործառույթների հետ, և որոնց գլխավոր կառավարիչը կարդինալ պետքարտուղարն է: Հռոմի պապի ընտրություններն անցկացվում են Կարդինալների կոլեգիայի մի մասի կողմից։
Չնայած Սուրբ Աթոռը երբեմն փոխաբերաբար անվանում են «Վատիկան», սակայն Վատիկան քաղաք-պետությունը հատուկ ստեղծվել է Սուրբ Աթոռի և Իտալիայի միջև կնքված 1929 թվականի Լաթերանի պայմանագրով ՝ ապահովելու պապականության ժամանակավոր, դիվանագիտական և հոգևոր անկախությունը[10]: Այդ ձևով պապական նվիրակները, որոնք պետությունների և միջազգային կազմակերպությունների պապական դիվանագետներ են, ճանաչվում են որպես Սուրբ աթոռի ներկայացուցիչ և ոչ թե Վատիկան քաղաք-պետության, ինչպես սահմանված է Կաթոլիկ եկեղեցու եկեղեցական օրենքով: Այսպիսով, Սուրբ Աթոռը դիտվում է որպես կաթոլիկ եկեղեցու կենտրոնական իշխանություն[9]: Կաթոլիկ եկեղեցին իր հերթին կրթության և առողջապահության ոլորտի ամենամեծ ոչ իշխանական մատակարարն է աշխարհում[11]:
Սուրբ աթոռը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 183 ինքնիշխան պետությունների հետ, ստորագրում է կոնկորդատներ և պայմանագրեր և իրականացնում է բազմակողմ դիվանագիտություն բազմաթիվ միջկառավարական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա գործակալությունների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական համայնքների, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Ամերիկյան պետությունների կազմակերպության հետ[12][13][14]։