Մաթիլդայի էֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Մաթիլդայի էֆեկտ, գիտության մեջ կանանց ներդրման համակարգված ժխտում, նրանց աշխատանքի նշանակության նվազեցում և կանանց աշխատանքների վերագրում իրենց տղամարդ գործընկերներին։ Այս էֆեկտն առաջին անգամ նկարագրել է սուֆրաժիստ և աբոլիցիոնիստ Մաթիլդա Ջոսլին Գեյջը (1826-1898) իր «Կինը որպես գյուտարար» էսսեում։ «Մաթիլդայի էֆեկտ» տերմինը 1993 թվականին ներմուծել է գիտության պատմաբան Մարգարետ Ռոսիստերը[1]։
Ռոսիստերը նշել է այդ էֆեկտի մի քանի օրինակներ։ 12-րդ դարի իտալացի բժշկուհի Տրոտուլա Սալերնսկայան գրել է գրքեր, որոնք նրա մահից հետո վերագրվել են արական սեռի հեղինակների։ 19-րդ և 20-րդ դարերում տեղի ունեցած և Մաթիլդայի էֆեկտը ներկայացնող դեպքերից են նաև Նեթի Սթիվենսի[2], Մարի Կյուրիի, Լիզա Մեյտների, Մարիետա Բլաուի, Ռոզալինդ Ֆրանկլինի և Ջոսելին Բելլ Բեռնելի հետ պատահած դեպքերը։
Մաթիլդայի էֆեկտը կապված է Մատթեոսի էֆեկտի հետ, որի համաձայն ականավոր գիտնականը հաճախ ավելի մեծ ճանաչում է ստանում, քան համեմատաբար անհայտ հետազոտողը, նույնիսկ եթե նրանք միասին են գրել այդ գործը կամ նրանց գործերը նման են։
Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի նյարդաբան, պրոֆեսոր Բեն Բարրեսը, որն իր սեռն իգականից փոխել է արականի, պատմել է իր գիտական նվաճումների մասին, որոնք տարբեր կերպ էին ընկալվում՝ կախված այդ ժամանակվա իր սեռից[3]։