Հրազենային վնասվածք
հրազենի վնասակար գործոնների ազդեցության հետևանք / From Wikipedia, the free encyclopedia
Հրազենային վնասվածք, զենքի (պնևմատիկ զենք կամ հրազեն) կամ արկի ազդեցությունից առաջացած վնասվածք[1][2]։ Վնասվածքները կարող են արտահայտվել արյունահոսությամբ, կոտրվածքներով, ներքին օրգանների վնասվածքով, վերքի ինֆեկցմամբ, մարմնի որոշ հատվածի շարժման դժվարացմամբ, ծանր դեպքերում՝ մահվամբ[3]։ Վնասվածքի առաջացումը պայմանավորված է հարվածի տեղակայումից, օրգանիզմի ներսում գնդակի անցման ճանապարհից և գնդակի տեսակից ու արագությունից[2]։ Հեռակա բարդություններից կարող են լինել աղիքային անանցանելիությունը, նեյրոգեն միզապարկը, պարալիչները, կարդիոռեսպիրատոր դիսթրեսը և պնևմոթորաքսը, ուղեղի հիպօքսիկ վնասումից առաջացած դեմենցիան, ամպուտացիաները, քրոնիկ ցավը, հիպերալգեզիան, խորանիստ երակների թրոմբոզը՝ ուղեկցվող թոքայի զարկերակի թրոմբոէմբոլիայով, վերջույթների այտուցը և թուլությունը, կապարով թունավորումը և այլն[3][4]։
Հրազենային վնասվածք | |
---|---|
Տեսակ | մահվան պատճառ |
Պատճառ | gunshot? |
ՀՄԴ-9 | E922.9 |
ՀՄԴ-10 | T14.1 և X95 |
Gunshot wounds Վիքիպահեստում |
Զենքերի օգտագործմամբ բռնության կիրառման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է[5]։ Դա կարող է պայմանավորված լինել դեղորայքի ապօրինի շրջանառմամբ, տարբեր զինատեսակների ազատ շրջանառմամբ, որոշ նյութերի օգտագործման չարաշահմամբ, հոգեկան խանգարումներով, զենքի օգտագործմանը վերաբերող օրենքների տարատեսակությամբ, տնտեսական տարբերություններով, ոստիկանի մասնագիտությամբ[5][6]։ Այն երկրներում, որտեղ զենքի կիրառումը տարածված է, վեճերը հաճախ են ավարտվում մահով[7]։
Օգնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ տարածքն անվտանգ է[8]։ Օգնության ցուցաբերումը սկսում են ծավալուն արյունահոսության դադարեցումից, օդատար ուղիների անցանելիության և արյան շրջանառության վերականգնման ապահովումից[8]։ Զենքի օգտագործմանը վերաբերող օրենքների բարելավումը, կանոնների իմացությունը նպաստում են զենքով հարուցված մահերի թվի կրճատման[9]։ Ատրճանակների պահման կանոններ հետևումը նպաստում է երեխաների շրջանում զենքից մահացության թվերի կրճատման[10]։
Միայն 2015 թվականին աշխարհում գրանցվել է միջանձնային բռնության հետևանքով առաջացած հրազենային վնասվածքների մոտավորապես մեկ միլիոն դեպք[11]։ 2016 թվականին հրազենային վնասվածքի հետևանքով մահերի թիվն աշխարհում հասել է 251,000-ի[5]։ Այս մահերի մոտ 64%-ը եղել է զինված հարձակումների հետևանք, 27%-ը՝ ինքնասպանության, իսկ մնացածը՝ դժբախտ պատահարների[5]։ Հրազենային վնասվածքներից մահերը հաճախ են դիտվում 20-24 տարեկան արական սեռի ներայացուցիչների մոտ[5]։