Հրադադար
From Wikipedia, the free encyclopedia
Հրադադար, ռազմագործողությունների ժամանակավոր ընդհատման կամ դադարեցման ձևերից մեկը որոշակի ժամանակաշրջանում։ Հակամարտող կողմերը համաձայնվում են ժամանակավորապես դադարեցնել ագրեսիվ գործողությունները։ Հրադադարը կիրառվում է մասնակի խնդիրների լուծման համար. վիրավորներին հավաքելու կամ փոխանակելու, բանագնացներ ուղարկելու և այլն։ Հրադադարի ընթացքում կարող են ընթանալ բանակցություններ՝ զինադադարի կնքման մասին։ Ըստ «Ժամանակակից անգլերենի Օքսֆորդի բառարանի»՝ հրադադարը թշնամիների միջև խաղաղության ժամանակավոր մի շրջան է, որի ընթացքում սովորաբար բանակցություններ են տեղի ունենում[1][2]։
Հրադադարը հայտարարվում է սովորաբար կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ եռօրյա հրադադար։ Հրադադարի պայմանների խախտումը համարվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։ Հրադադարը կարող է հայտարարվել պաշտոնական պայմանագրի շրջանակներում, կարող է հայտարարվել որպես պաշտոնական պայմանագրի մի մասը, բայց նաև կարող է լինել հակամարտող կողմերի միջև ոչ պաշտոնական ըմբռնման մի մասը։ Հաջող հրադադարին կարող է հաջորդել զինադադարը, և, վերջիվերջո՝ հաշտության պայմանագիրը։
Հաճախ հրադադարը շփոթում են զինադադարի հետ, որը բավականին տարբերվող երևույթ է։ Հրադադարը սովորաբար գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։