Հռոմեական բանակ
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական բանակ (Latin: exercitus Romanus, Ancient Greek: στρατός/φοσσᾶτον Ῥωμαίων, տառադարձումը՝ ստրատոս/ֆոսսատոն Ռոմայոն), տերմին (բառեզր) կամ գիտաբառ, որով նշանակվել են Հռոմեական թագավորության (մինչև մ.թ.ա. մոտ 500 թ.), Հռոմեական հանրապետության (մ.թ.ա. 500–31 թթ.), Հռոմեական կայսրության (31 BC – 395/476 AD) և վերջինիս ժառանգորդի՝ Արևելահռոմեական կայսրության կամ Բյուզանդական կայսրության ծավալած ցամաքային զինված ուժերը։ ՛՛Հռոմեական բանակ՛՛ անվանումը շուրջ 2.000 տարի գործնականում կրել է մի կազմակերպություն՝ Հռոմեական զինված ուժերը, որոնք այդ ընթացքում ենթարկվել են բազում փոփոխությունների թե՛ կազմության ու կառուցվածքի, թե՛ սպառազինության ու մարտավարության տեսակետներից, սակայն, միաժամանակ պահպանելով իրենց դարավոր ավանդույթների միջուկը։
Հռոմեական բանակ | |
---|---|
Տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Հին Հռոմ |
Military of ancient Rome Վիքիպահեստում |
Հռոմեական բանակը շուրջ 2.000 տարի շարունակ իրենից ներկայացրել է կանոնավոր զորք։ Այն հանդիսացել է մի կազմակերպություն, որը հազարավոր տարիներ շարունակ հռոմեական, ապա բյուզանդական հասարակության և պետության հիմնական տարրերից մեկն էր, հռոմեական պետության, ապա և նրա ամենաուղղակի ժառանգորդ Բյուզանդիայի հզորության վճռական գործոնը։
Հին Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում բանակի անձնակազմի թիվը սովորաբար կազմում է մինչև 100 հազար մարդ, սակայն կարող էր նաև ավելանալ, հասնելով մինչև 250—300 հազար և ավելի մարդու։ Հռոմեական բանակն ուներ իր ժամանակի համար լավագույն սպառազինությունը, փորձառու և լավ պատրաստված հրամանատարական կազմ, աչքի էր ընկնում խիստ կարգապահությամբ և զորապետների ու զորավարների բարձր ռազմարվեստով։ Հռոմեացի զորապետներն ու զորավարները կարող էին կիրառել մարտական գործողությունների վարման ամենակատարյալ եղանակները՝ ձգտելով հասնել հակառակորդի լիակատար ջախջախմանը։
Հռոմեական բանակի հիմնական զորատեսակը նրա գոյության առաջին մի քանի դարերում հետևակն էր։ Նավատորմը ապահովում էր ցամաքային զորքերի գործողությունները ծովամերձ ուղղություններում։ Նշանակալի զարգացում ստացավ ռազմաինժեներական կամ ռազմաճարտարագիտական գործը, դաշտային ճամբարների կառուցումն ու կահավորումը, մեծ տարածությունների վրա արագ տեղաշարժեր կատարելու ունակությունը, ամրոցների պաշարման և պաշտպանության արվեստը։
Հռոմեական բանակի հիմնական կազմակերպչական ու մարտավարական միավորը լեգեոնն էր։ Մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսից լեգեոնը կազմված էր 10 մանիպուլաներից (հետևակ) и 10 տուրմաներից (հեծելազոր), իսկ մ.թ.ա. III դարի առաջին կեսից՝ — 30 մանիպուլաներից (որոնցից յուրաքանչյուրը բաժանվում էր 2 ցենտուրիայի) և 10 տուրմաների։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում լեգեոնի թիվը մնում էր անփոփոխ՝ մոտ 4 ու կես հազար զինվոր, այդ թվում՝ 300 հեծյալ։ Լեգեոնի մարտավարական այսպիսի ՛՛մասնատվածությունը՛՛, այսինքն՝ մի շարք ստորաբաժանումներից կազմված լինելը՝ ապահովում էր զորքերի բարձր շարժունակությունը մարտադաշտում։ Մ.թ.ա. 107 թվականից՝ կապված աշխարհազորային, այսինքն՝ ՛՛միլիցիոն՛՛ համակարգից ՛՛արհեստավարժ վարձու բանակին՛՛ անցնելով՝ լեգեոնը սկսեց բաժանվել 10 կոհորտաների (յուրաքանչյուր կոհորտա՝ իր հերթին, կազմված էր 3 մանիպուլայից)։ Լեգեոնի կազմի մեջ մտնում էին նաև տարատեսակ պատերազմական մեքենաները՝ իրենց անձնակազմով, այդ թվում՝ պարսպակործան մեքենաները (՛՛բաբաններ՛՛, ՛՛խոյեր՛՛, ՛՛ագռավներ՛՛ և այլն) և, արդի տեմինիով ասած՝ այսպես կոչված ՛՛հրետանին՛՛ նետողական մեքենաները (վերջիններս իրենց հերթին լինում էին քարանետ, նիզականետ և այլն)։ Մ.թ. I դարում լեգեոնի թիվը կազմում էր մոտավորապես 7 հազար մարդ (այդ թվում՝ 800 հեծյալ)։
Հռոմեական բանակը գրեթե 2.000 տարի մեծ դեր է խաղացել թե՛ հռոմեական պետության, թե՛ համաշխարհային պատմության մեջ։ Հայաստանը և նրա զինված ուժերը դարեր շարունակ հաճախ են բախվել հռոմեական լեգեոնների հետ։ Անշուշտ, երբեմն էլ Հայաստանն ու Հռոմը եղել են նաև դաշնակիցներ։
Հռոմեական բանակը իր կառուցվածքով, մարտավարությամբ և ռազմական ավանդույթներով մեծ դեր է խաղացել համաշխարհային ռազմարվեստի զարգացման մեջ։ Այսօր էլ, շատ արդիական պետությունների բանակներում զգացվում է հռոմեական բանակի ազդեցությունը։
Իր հերթին հռոմեական բանակն էլ լուրջ ազդեցություն է կրել իր հարևան պետությունների և ժողովուրդների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի բանակներից, մասնավորապես՝ հայկական բանակից՝ վերցնելով այն առաջավորը, օգտակարաը, որոնք կարող էին զարգացնել ռազմաարվեստը և նպաստել Հռոմեական բանակի հզորացմանը։ Պատահական չէ, որ իր գոյության առաջին դարերում հիմնականում հետևակային բանակ լինելով և ստեղծելով իր ժամանակաշրջանի լավագույն հետևակային մարտավարությունը, հայկական և պարթևական բանակների և առանձնապես նրանց այրուձիու հետ բախումներից հետո, հռոմեական բանակում, հատկապես ուշ կայսրության և բյուզանդական ժամանակաշրջաններում աստիճանաբար սկսեց գերակշռել հեծելազորը, որը դարձավ ուշ հռոմեական կայսրության և հատկապես բյուզանդական բանակների գլխավոր և հարվածային զորատեսակը։